Իսրայելը նոր զանգվածային հարվածներ է հասցրել Բեյրութի ուղղությամբ

Բեյրութ, Լիբանան, 6-ը հոկտեմբերի, 2024թ.

Նոր հարվածներ Լիբանանին

Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ ավիահարվածներ են հասցրել մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին։

Իսրայելը հայտարարել է, որ մի շարք «թիրախային հարվածներ» է հասցրել «զենքի պահեստավորման օբյեկտներին» և ենթակառուցվածքներին, որոնք պատկանում են Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլա»-ին:

Միացյալ Նահանգները «Հեզբոլա»-ն ահաբեկչական խմբավորում է ճանաչել, մինչդեռ Եվրամիությունը սև ցուցակում է ներառել նրա զինված թևը, բայց ոչ քաղաքականը, որը ներկայացված է Լիբանանի խորհրդարանում:

Լիբանանի պաշտոնական Ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ այդ տարածքում գտնվող «Հեզբոլա»-ի հենակետին ավելի քան 30 հարված է հասցվել: Ավիահարվածների հետևանքով վնասվել է գազալցակայանը և բժշկական պարագաների պահեստը։

Բացի այդ, իսրայելական բանակի ներկայացուցիչը զգուշացրել է հարավային Լիբանանի շուրջ 25 շրջանների բնակիչներին՝ տարհանվել և շարժվել Ավալի գետից հյուսիս:

Իսրայելը արդեն մի քանի օր շարունակ ռմբակոծում է Բեյրութի արվարձանները, որի հետևանքով սպանվել է «Հեզբոլա»-ի առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլան և, հավանաբար, նրա հավանական իրավահաջորդ Հաշեմ Սաֆիադինը։ Խմբավորման գործադիր մարմնի ղեկավարի հետ հոկտոմբերի 4-ին չի հաջողվում կապ հաստատել, հաղորդել է Reuters գործակալությունը՝ Լիբանանի ուժային կառույցներին մոտ կանգնած միանգամից երեք աղբյուրներ վկայակոչելով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Reuters. «Հեզբոլա»-ի նոր առաջնորդի հետ կապ հաստատել չի հաջողվում»

Իսրայելական կողմը պնդում է, թե Լիբանանի հարավում ցամաքային գործողությունների ընթացքում սպանել է արմատական խմբավորման 440 մարտիկի և ոչնչացրել 2000 թիրախ: 9 իսրայելցի զինվոր է զոհվել Լիբանանի հարավում, հայտնել են իշխանությունները:

Լիբանանում վերջին հակամարտությունը խլել է մոտ 2000 մարդու կյանք, որոնց մեծ մասը սեպտեմբերի 23-ից ի վեր՝ ըստ Լիբանանի առողջապահության նախարարության:

Իսրայելը հայտարարում է, որ «Հեզբոլա»-ի վրա հարձակումները նպատակ ունեն ապահովել տասնյակ հազարավոր քաղաքացիների անվտանգ վերադարձը հյուսիսային Իսրայելի տներ, որոնք ռմբակոծվել են խմբավորման կողմից անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր:

Գազայում պատերազմի տարելիցին ընդառաջ ցույցեր են

Վաղը՝ հոկտեմբերի 7-ին, լրանում է Գազայում ընթացող պատերազմի տարելիցը։

«Համաս» արմատական խմբավորման (ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված) Իսրայելի վրա հարձակման տարելիցի նախօրեին, որի պատասխանը Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող ռազմական արշավն էր, տարբեր երկրներում զանգվածային ցույցեր են տեղի ունենում։

Լոնդոն

Հոկտեմբերի 6-ին «Համաս»-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահական պաշտոնյաները հայտնել են, որ առնվազն 41,870 պաղեստինցի է սպանվել այդ տարածքում պատերազմի սկզբից ի վեր։

Իրան-Իսրայել հակամարտությունը

Իսրայելը դիտարկում է նաև Իրանին հակահարված տալու հնարավորությունը, որը հոկտեմբերի 1-ին առնվազն 180 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելին կոչ է արել դիտարկել Իրանի նավթահանքերին հարվածելու այլընտրանքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը Իսրայելին խորհուրդ չի տալիս հարվածել Իրանի նավթահանքերին

Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը վայրէջք է կատարել Խարկ կղզի՝ այցելելու երկրի նավթային օբյեկտներ, հաղորդել է նախարարության Shana լրատվական կայքը։ Այս այցը կատարվում է մտավախությունների ֆոնին, որ Իսրայելը կարող է թիրախավորել Իրանի ամենամեծ նավթային տերմինալը: