Իսրայելի պաշտպանության բանակը կիրակի օրը հրահանգել է Վրաստանում ու Ադրբեջանում գտնվող իր զինվորներին անհապաղ վերադառնալ Իսրայել։
Իսրայելական Kan news-ի հաղորդմամբ, մտահոգություններ կան, որ Իրանը կարող է հարվածել այդ երկրներում առկա թիրախներին՝ որպես «Համաս»-ի ահաբեկչական խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության դիմաց պատասխան գործողությունների մի մաս:
Անցած շաբաթասկզբին իսրայելական կողմի հարվածից զոհվեց Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը։ Կազմակերպության առաջնորդի պնդմամբ, իր զինակցի սպանությունը շրջադարձային կետ է Իսրայելի դեմ պայքարում։
Իր հերթին, Իրանը կոշտ պատասխան է խոստացել Իսրայելին, որին մեղադրում է հուլիսի 31-ի գիշերը Թեհրանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման քաղաքական առաջնորդի սպանության մեջ։
Թեհրանը և իր դաշնակիցներն Իսրայելին սպառնացել են պատասխան գործողություններով: Իսրայելը չի ստանձնել Ֆուադ Շուքրի և Իսմայիլ Հանիեի սպանությունների պատասխանատվությունը։
Օրեր առաջ բրիտանական The Telegraph պարբերականը հաղորդեց, որ Իրանի նորընտիր նախագահն առաջարկում է ուժայիններին Իսրայելի փոխարեն հարվածներ հասցնել Ադրբեջանում կամ իրաքյան Քուրդիստանում գտնվող իսրայելական գաղտնի ռազմակայաններին՝ նշելով, որ Հանիեի՝ սպանության պատասխանի հարցում Իրանի վերնախավում լուրջ տարաձայնություններ են ծագել։ Բաքուն հրապարակման առիթով Թեհրանից պարաբանումներ է պահանջել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն The Telegraph-ի հրապարակման առթիվ Թեհրանից պարզաբանում է ակնկալում․ APA