Իսրայելը հայտարարել է, որ Սիրիայում «Հեզբոլա»-ի անդամի է սպանել, ով նաև «Գոլանի ահաբեկչական ցանցի» անդամ է և հետախուզական տեղեկություններ է փոխանցել Իսրայելի դեմ, հաղորդում է Reuters-ը
«Ադհամ Ջահութի դերը «Հեզբոլա»-ին սիրիական ռեժիմի աղբյուրներից տեղեկատվություն և հետախուզական տվյալներ փոխանցելն էր՝ Գոլանի բարձունքներում Իսրայելի դեմ գործողությունները դյուրացնելու համար», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Իսրայելը բռնակցել է Գոլանի բարձունքները 1967 թվականի Մերձավոր Արևելքի պատերազմի ժամանակ այն Սիրիայից գրավելուց հետո: Մի շարք երկրներ չեն ճանաչել այդ բռնակցումը:
Հինգշաբթի վաղ առավոտյան Սիրիայի պետական հեռուստատեսությունն, իր հերթին, հաղորդել է, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել սիրիական Հոմս քաղաքում գտնվող արդյունաբերական օբյեկտին և Համա քաղաքի մերձակայքում գտնվող գյուղական տարածքներին՝ պատճառելով «որոշ նյութական վնաս»:
Հարվածների թիրախ է դարձել Հոմսում մեքենաների արտադրության գործարանը, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, հաղորդում է սիրիական հեռուստատեսությունը:
Հարավային Լիբանանի մեծ մասը վերահսկող «Հեզբոլա» խմբավորումը Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ Եվրամիությունը սև ցուցակում է ընդգրկել միայն խմբավորման զինված թևին։
Վերջին հարվածները տեղի են ունենում Լիբանանում ռմբակոծությունների մասին Իսրայելի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի նախազգուշացումների ֆոնին։ ԱՄՆ-ն այդ հարվածները համեմատել է Գազայում տեղի ունեցածի հետ։
Իսրայելը սաստկացրել է իր պատասխանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի հարձակմանը՝ զորքեր ուղարկելով Լիբանան և օդային հարվածներ հասցնելով Իրանում, Եմենում և Սիրիայում՝ մտահոգություն առաջացնելով Մերձավոր Արևելքում ավելի լայն հակամարտության բռնկման՝ Իրանն ու Միացյալ Նահանգների ներգրավմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հեզբոլա»-ն պնդում է՝ իր ռեսուրսները լավ վիճակում են, Իսրայելն ընդլայնում է ցամաքային գործողությունը Լիբանանում