Իսրայելական բանակը շարունակում է ռմբակոծել Սիրիայի մայրաքաղաքը, հաղորդում է Al Jazeera հեռուստաընկերությունը՝ նշելով, որ պայթյունների ձայներ են լսվում Դամասկոսում և հարակից շրջաններում։
Հեռուստաընկերությունը, հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպությանը (SOHR), հաղորդում է, որ երկուշաբթի օրը իսրայելական հարվածներից Սիրիայի Դերաա նահանգում առնվազն երկու խաղաղ բնակիչ է սպանվել։
Իսրայելական անվտանգության աղբյուրը Իսրայելի բանակի ռադիոյին ասել է, որ իսրայելական զինվորականները Սիրիայում հարվածել են ավելի քան 250 թիրախի՝ այն որակելով «երկրի ռազմաօդային ուժերի պատմության մեջ ամենախոշոր հարձակումը»։
Reuters-ը, վկայակոչելով սիրիական անվտանգության աղբյուրները, երկուշաբթի հաղորդեց, որ իսրայելական հարձակման թիրախում Սիրիայի Լաթաքիա նավահանգստի մոտ գտնվող հակաօդային պաշտպանության կայանն է:
Նաև նշվեց, որ կիրակի օրն Իսրայելը երեք ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաքում գտնվող անվտանգության համալիրին և կառավարական հետազոտական կենտրոնին, որոնք նախկինում օգտագործվել են Իրանի կողմից հրթիռների մշակման համար, ինչպես նաև Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող առնվազն յոթ թիրախների, այդ թվում Խալխալայի ավիաբազային։
Հարվածները տեղի են ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո։
Իսրայելը տարիներ շարունակ հարվածներ է հասցնում Սիրիայում Իրանի թիրախներին։ Այդ հարձակումները սաստկացել են 2023-ի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան «Համաս» խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո, որը հանգեցրեց Գազայի պատերազմին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիան առանց Ասադի․ օր առաջին