Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում հայտնաբերել են անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին պատանդառվածներից վեցի դիերը։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բոլոր վեցն էլ վերջերս են սպանվել: Դիերը հայտնաբերվել են Գազայի հատվածի հարավում գտնվող ստորգետնյա թունելում՝ ոչ հեռու այն վայրից, որտեղից օգոստոսի 27-ին ազատ արձակվեց պատանդ Քաեդ Ֆարհան ալ-Քադին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ վեցնյակի թվում է իսրայելցի ամերիկացի Գոլդբերգ-Պոլինը:
Ավելի քան 1200 մարդ զոհվեց, երբ անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ում և Եվրոպայում ահաբեկչական ճանաչված արմատական «Համաս» խմբավորումը հարձակվեց հարավային Իսրայելի վրա։ Ավելի քան 250-ը պատանդ վերցվեցին։
Անցած նոյեմբերին հրադադարի ժամանակ ազատ արձակվեց 105 գերի։ Նրանք փոխանակվեցին իսրայելական բանտերում պատիժ կրող պաղեստինցի բանտարկյալների հետ։
Այսօր շուրջ 100 իսրայելցիներ մնում են գերության մեջ։ Նրանցից 34-ը, ըստ իսրայելական բանակի, մահացած են, «Համաս»-ը պահում է նրանց մարմինները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում իսրայելցի պատանդ է ազատ արձակվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելական գործողությունները Հորդանանի արևմտյան ափին շարունակվում են