Իսրայելցիները ծեծել են պաղեստինցի օսկարակիր ռեժիսոր Համդան Բալալին

Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի վերաբնակիչները ծեծել են պաղեստինցի ռեժիսոր Համդան Բալալին, ապա ոստիկանությունը ձերբակալել է նրան։

Բալալը Օսկարի այս տարվա մրցանակաբաշխությունում վավերագրական լավագույն ֆիլմի մրցանակն ստացած «Ոչ մի այլ հող» վավերագրության համահեղինակներից է։ Ֆիլմի մյուս հեղինակ Յուվալ Աբրահամն է տեղեկացրել այս մասին։

Միջադեպը Սուսիյա գյուղում է եղել, Ռամադանի ընթրիքի ժամանակ, իսրայելցի վերաբնակիչները հարձակվել ու բազմաթիվ վնասվածքներ են պատճառել ռեժիսորին։ Ըստ Յուվալ Աբրահամի՝ նա գլխի, որովայնի վնասվածքներ է ստացել ու արյունահոսել, իսկ զինվորականները նրան հանել են շտապօգնության մեքենայից ու տարել անհայտ ուղղությամբ։

Ֆիլմի հեղինակները կարծում են, որ թիրախը հենց կինոռեժիսորն է եղել։

«Ոչ մի այլ հող» վավերագրական ֆիլմի հեղինակները իսրայելցի ու պաղեստինցի ակտիվիստներ են։