15 ամիս տևած հակամարտությունից հետո չորեքշաբթի օրը Գազայի հատվածում հրադադար հաստատելու և պատանդների փոխանակման համաձայնություն է ձեռքբերվել Իսրայելի և «Համասի» միջև, որն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին, հաղորդում է Reuters-ը։
Հրադադարը կնքվել է Եգիպտոսի և Քաթարի միջնորդությամբ ԱՄՆ-ի աջակցությամբ ամիսներ տևած բանակցություններից հետո՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հունվարի 20-ին կայանալիք երդմնակալությունից առաջ:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել էին հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 46 հազարը, իսկ անկլավը վերածվել է ավերակների, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ ձմեռային ցրտի պայմաններում գոյատևում են վրաններում և ժամանակավոր կացարաններում:
Իր երդմնակալության արարողությանն ընդառաջ Թրամփը վերահաստատել էր արագ գործարք կնքելու իր պահանջը՝ զգուշացնելով, որ «դժոխային հատուցում» կլինի, եթե պատանդներն ազատ չարձակվեն: Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆն գրեթե 96 ժամ աշխատել է նախագահ Ջո Բայդենի թիմի հետ՝ գործարքն ավարտին հասցնելու համար:
Հարցին, թե պատմության գրքերն ո՞ւմ են վերագրելու հրադադարը, Բայդենը պատասխանել է․ - «Կատա՞կ է»։
«Այս ծրագիրը մշակվել և համաձայնեցվել է իմ թիմի կողմից, սակայն հիմնականում կիրականացվի նոր վարչակազմի կողմից», - ասել է Բայդենը չորեքշաբթի օրը հրաժեշտի իր ելույթում՝ շեշտելով․ - «Վերջին մի քանի օրերին մենք կարծես մի թիմ ենք աշխատել»։
Հրադադարը նաև ԱՄՆ նորընտիր նախագահն է մեկնաբանել․ - «Հրադադարի մասին այս մեծագույն համաձայնագիրը հնարավոր եղավ ձեռք բերել միայն նոյեմբերին մեր պատմական հաղթանակի արդյունքում, քանի որ այն ազդանշան ուղարկեց աշխարհին, որ իմ վարչակազմը հետամուտ կլինի խաղաղության», - հայտարարել է Թրամփը։
Համաձայնագիրը նախատեսում է վեցշաբաթյա նախնական զինադադար, իսրայելական ուժերի աստիճանական դուրսբերում Գազայի հատվածից և պատանդների ազատ արձակում պաղեստինցի գերիների դիմաց:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն «պարտավորվել է բոլոր հնարավոր միջոցներով վերադարձնել պատանդներին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում հրադադարը մոտ է, միջնորդ երկրներն «առաջիկա ժամերից» են խոսում. Reuters