Իսրայելի զինվորականները հայտնել են, որ վերջին 48 ժամում «Հեզբոլա»-ի երեք հրամանատարներ և մոտ 70 գրոհայիններ են սպանվել հարավային Լիբանանում։
Ըստ Reuters-ի՝ այս հայտարարությունը հնչում է «Հեզբոլա»-ի գործադիր մարմնի ղեկավար, սեպտեմբերի վերջին զոհված Հասան Նասրալլային փոխարինող Հաշեմ Սաֆիադինի սպանության հաստատումից մեկ օր անց։
«Հարավային Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը շարունակում են սահմանափակ, տեղայնացված, նպատակային հարձակումներ իրականացնել «Հեզբոլա»-ի ահաբեկչական ենթակառուցվածքների և կառավարման կետերի դեմ», - հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ շարունակելով․ - «Վերջին մեկ օրվա ընթացքում զորքերը ոչնչացրել են մոտավորապես 70 ահաբեկիչների՝ ցամաքային և օդային հարվածներով»։
Երեքշաբթի օրը Լիբանանի կառավարությունը հայտնել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով առնվազն 1,2 միլիոն լիբանանցիներ լքել են իրենց տները, 2 հազար 530 մարդ սպանվել է՝ առնվազն 63-ը վերջին 24 ժամվա ընթացքում։
ԱՄՆ-ն «Հեզբոլա»-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն, թեև Եվրամիությունը միայն դրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի ավերիչ հարվածների պատճառով հազարավոր լիբանանցիներ հայտնվել են Բեյրութի փողոցներում