Իսրայելի ավերիչ հարվածների պատճառով հազարավոր լիբանանցիներ հայտնվել են Բեյրութի փողոցներում

Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք թաղամասը ավիահարվածից հետո, 3-ը հոկտեմբերի, 2024թ․

Ավերիչ ավիահարվածների ֆոնին Լիբանանում հումանիտար ճգնաժամ է հասունանում։ Մերձավորարևելյան այդ երկրից վերջին շաբաթներին շուրջ 1 միլիոն մարդ է տեղահանվել: Բեյրութում հազարավոր մարդիկ քնում են լողափերում, փողոցներում։

«Եկանք Բեյրութ, քանի որ կարծում էինք, որ քաղաքում ավելի ապահով կլինի: Բայց ստիպված ծովափում ենք քնում՝ բաց երկնքի տակ», - ասում է Իսրայելի ավերիչ ավիահարվածների պատճառով տեղահանված լիբանանցին:

Յասին Ջաբերի և Ֆրուդ Բեժանի

Մահմուդը կնոջ և 2-ամյա որդու հետ ապաստանել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի լողափում․ երեք հոգանոց ընտանիքը քնում է մեկ վերմակի տակ։ Նրանց պես՝ ձեռնունայն, բաց երկնքի տակ են հայտնվել ևս տասնյակ հազարավոր մարդիկ։

Մահմուդը կնոջ և մանկահասակ երեխայի հետ փախել է երկրի հարավից՝ Ղազիե շրջանից, որն իսրայելական հարվածներից ամենաշատը տուժած բնակավայրերից է։ Իսրայելի ռումբերի հետևանքով վնասվել է նաև Մահմուդի տունը՝ ստիպելով մանկահասակ երեխայի ծնողներին հավաքել առաջին անհրաժեշտության իրերը և 20 ժամ ճանապարհ անցնել՝ հասնելու Բեյրութ:

Երեխաները Բեյրութի կենտրոնում՝ մայթերին պառկած,


Լիբանան Իսրայելի ցամաքային ներխուժումը և «Հեզբոլա» իրանամետ ռազմա-քաղաքական կազմավորման դեմ շարունակական ավիահարվածները, հսկայական վնաս են հասցրել երկրի խաղաղ բնակչությանը:

Լիբանանի պաշտոնական տվյալներով՝ վերջին 10 օրվա ընթացքում Իսրայելի ռմբակոծության հետևանքով ավելի քան 1100 մարդ է զոհվել, շուրջ 1,2 միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը, տեղահանվել է։ Սա բազմաթիվ պատերազմներ տեսած Լիբանանի պատմության մեջ ամենամեծ տեղահանությունն է։

Լիբանանի Բաչուրա թաղամասը՝ հարվածներից հետո, 3-ը հոկտեմբերի, 2024թ․

Բեյրութում դպրոցները, համալսարանները, մզկիթները և նույնիսկ ֆուտբոլի մարզադաշտերը վերածվել են ժամանակավոր կացարանների։ Այդուհանդերձ ոչ բոլորին է տանիք հասել, հազարավոր փախստականներ քնում են լողափերում, այգիներում, հրապարակներում կամ իրենց մեքենաներում:

Մահմուդն ու իր ընտանիքը վերջին չորս օրերն անցկացրել է Բեյրութի Էլ Մանարա լողափում: Նրանք գոյատևում են տեղացիների օգնության շնորհիվ։

«Մենք չգիտենք ինչ անել: Բոլոր ապաստարանները լեփ-լեցուն են», - ասում է Մահմուդը։ Նա մտավախություն ունի, որ ստիպված կլինեն նաև Բեյրութից փախչել։

Բեյրութի հարավային արվարձանների իսրայելական ռմբակոծություններից փախածները՝ Բեյրութի կենտրոնական թաղամասում, 3-ը հոկտեմբերի, 2024թ․


Մոտ 2,5 միլիոնանոց խիտ բնակեցված լիբանանյան մայրաքաղաքը իսրայելական մահացու օդային հարձակումների թատերաբեմ է դարձել, Բեյրութում օրեցօր նորանոր շենքեր են հողին հավասարեցվում։

«Մենք սարսափած ենք: Ամեն օր ռումբերն ավելի մոտ են ընկնում։ Եվ մենք չգիտենք՝ ուր գնալ հետո», - պատմում է տեղահանված լիբանանցին։

Մարդասիրական ճգնաժամ

Բեյրութի հարավային հատվածի բնակիչները գիշերում են Լիբանանի կենտրոնում, 28-ը սեպտեմբերի, 2024թ․

Լիբանանում հարյուր հազարավոր տեղահանվածների կարիքներին փորձում է լուծում տալ երկրի ժամանակավոր կառավարությունը։ Ապաստարաններ դարձած 500 դպրոցները, սակայն, բավարար չեն։ Իսրայելական ուժգնացող հարվածներից տուժած ավելի քան 1 միլիոն մարդկանց սննդով ապահովելու ծրագիր է գործարկել ՄԱԿ-ը։ Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը, որն անցած օրերին էր ահազանգել, որ Լիբանանը հայտնվել է «կրիտիկական կետում», սնունդ, կանխիկ գումար է հատկացնում ժամանակավոր կացարաններին:

Բացի օդային հարձակումներից, Իսրայելը հոկտեմբերի 1-ից նաև ցամաքային գործողություններ է իրականացնում Լիբանանի հարավում։ 2006 թվակականից ի վեր առաջին անգամ հատելով հարևան երկրի սահմանն՝ իսրայելցի զինվորականները հարավային Լիբանանի տասնյակ համայնքների բնակիչների հրամայեցին տարհանվել:

«Ոչ ոք իրեն ապահով չի զգում»

Լիբանան, 2-ը հոկտեմբերի, 2024թ․


Նույնիսկ Բեյրութում հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, քանի որ իսրայելական ռազմական ինքնաթիռները նաև քաղաքին են հարվածներ հասցնում։

«Անցյալ շաբաթ ես, մայրս և քույրս լքեցինք մեր բնակարանը, երբ օդային հարված հասցվեց ընդամենը երկու փողոց այն կողմ», - ասում է Բեյրութի Մսեյթբե կենտրոնական թաղամասի 27-ամյա բնակիչ Մարիան:

«Հիմա բարեկամների մոտ ենք՝ քաղաքի մեկ այլ հատվածում։ Բայց ոչ ոք իրեն ապահով չի զգում», - նշում է Մարիան։

Քաղաքի հարավային արվարձանները «Հեզբոլա»-ի՝ ԱՄՆ-ի կողմից ճանաչված ահաբեկչական խմբավորման հենակետն է։ Բեյրութի այս հատվածն այժմ ուրվականների քաղաք է հիշեցնում՝ դատարկ, ռմբակոծված շենքեր, ավերածություններ։

Մարիան պատմում է, որ տեսել է, թե ինչպես են հուսահատ փախստականները Բեյրութում ներխուժում հյուրանոցներ և դատարկ շենքեր՝ ապաստան գտնելու համար։

«Մենք չենք կարող անջատել մեր բնակարանի լույսերը, քանի որ ինչ-որ մեկը կարող է փորձել ներխուժել։ Բեյրութում քաոս է։ Կարգ ու կանոն չկա։ Ոչ ոք չգիտի ինչ է լինելու հետո», - ասում է Մարիան։

«Այս անգամ տարբեր է»

Բեյրութի հարևանությամբ գտնվող Հադաթ քաղաքը, 28-ը սեպտեմբերի, 2024թ․


Մանալը իր երկու երեխաների հետ դեռ Բեյրութի կենտրոնում գտնվող Բուրջ Աբի Հայդար թաղամասի իր բնակարանում է, բայց ասում է՝ տագնապած է՝ ժամանակի հարց է, թե երբ ստիպված կլինի լքել իր տունը։

«Մենք ամեն գիշեր հավաքում ենք մեր իրերը։ Ռումբերի ձայնը լսվում է անընդհատ, կարծես հողը ցնցվում է մեր ոտքերի տակ», - ասում է 40-ամյա կինը և հավելում, որ ռումբերից փրկվելու համար իր ընկերներից ու հարազատներից շատերը մեկնել են դեպի լեռներ․ - «Բայց ասում են՝ ռումբերը նույնիսկ այնտեղ են հասնում»։

Մանալը հիշում է Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև նախորդ 2006-ի՝ պատերազմը, որը բռնկվել էր լիբանանյան խմբավորման կողմից երկու իսրայելցի զինվորների առևանգումից հետո։ 34 օր տևած պատերազմի ընթացքում իսրայելական ավիացիայի զանգվածային հարձակումներն ավելի քան 1100 մարդու կյանք է խլել։

«Ես նախկինում էլ եմ տեսել պատերազմ, բայց սա տարբեր է։ Ապահով վայր չկա։ Ամբողջ երկիրը շրջափակման մեջ է», - ասում է Մանալը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր հարվածներ Բեյրութին, ըստ հաղորդումների, թիրախում «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքն» է