Իսրայելական կողմը հայտարարում է՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Երկրի տարածքում հնչում են օդային տագնապի ազդանշաններ, իսկ բնակիչներին կարգադրել են գնալ ապաստարաններ, հայտնում են մի շարք միջազգային լրատվական գործակալություններ:
Reuters-ը, BBC-ն, CNN-ը և AP-ն, ի թիվս այլ գործակալությունների, հայտնել են հոկտեմբերի 1-ին Թեհրանի կողմից հրթիռների արձակման մասին՝ Վաշինգտոնից և Իսրայելից հնչող նախազգուշացումների ֆոնին, որ դա անելու դեպքում «ծանր հետևանքներ» կլինեն։
Իրանական IRNA լրատվական գործակալությունը Telegram-ում հայտնել է, որ տասնյակ բալիստիկ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է ամերիկացի զինվորականներին օգնել Իսրայելին խոցել իրանական հրթիռները, հայտարարել է Սպիտակ տունը հարձակման սկսվելուց հետո։ Բայդենը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հետևում են հարձակմանը Սպիտակ տան իրավիճակների սենյակից և պարբերաբար թարմացումներ են ստանում, X-ում ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթը:
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել էր, որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ» և այդ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»: Լիբանանում ցամաքային գործողություններին նախորդել էին իսրայելական բանակի զանգվածային ավիահարվածները Լիբանանում գտնվող ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի հետ կապ ունեցող թիրախներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանում