Հոկտեմբերի 25-ի առավոտյան Լիբանանի հարավում գտնվող Հասբայա քաղաքին իսրայելական հարվածի հետևանքով առնվազն երեք լրագրող է զոհվել, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ լրագրողները քնած են եղել քաղաքի հյուրատներից մեկում։
Լրատվամիջոցները հայտնում են, որ զոհվածների թվում են Al-Mayadeen-ի օպերատոր Ղասան Նաջարը և ինժեներ Մոհամմեդ Ռեդան, ովքեր աշխատում էին Իրանի աջակցությամբ գործող լրատվամիջոցում, ինչպես նաև «Հեզբոլա»-ին պատկանող Al-Manar հեռուստաընկերության օպերատորը։
Դեպքի վայր ժամանած լրագրողներն ասել են, որ կացարանը հարվածների ուղիղ թիրախում է եղել։
«Լրագրողների կացարանի թիրախավորումը օկուպացիոն ուժերի կողմից կանխամտածված էր։ Արաբական այլ լրատվամիջոցների լրագրողներ նույնպես վիրավորվել են»,- նշել է Al-Mayadeen-ի տնօրեն Ղասան բին Ջիդոնը։
Իսրայելն այս առնչությամբ որևէ մեկնաբանություն չի արել:
Լիբանանյան Al-Mayadeen հեռուստաընկերությունն երեկ էլ հաղորդել էր, որ հարված է հասցվել այն գրասենյակին, որտեղ տեղակայված էր Al-Mayadeen-ի խմբագրությունը։ Հեռուստաալիքը հարձակումն անվանել էր բարբարոսություն՝ տեղեկացնելով, որ Իսրայելի կողմից Լիբանանի կանոնավոր ռմբակոծությունների ֆոնին խմբագրության բոլոր աշխատակիցներն ավելի վաղ տարհանվել էին այլ վայր՝ աշխատանքը շարունակելու համար։
Լիբանանի իշխանությունները հայտնում են, որ Իսրայելի ռազմական գործողություններից ավելի քան 2 հազար 500 մարդ է մահացել, միլիոնից ավելին տեղահանվել։
ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից և վտանգ չստեղծել ՄԱԿ-ի խաղաղապահների ու լիբանանցի զինվորականների համար։
Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ նպատակային հարվածներ է հասցնում «Համաս»-ի և «Հեզբոլա»-ի զինյալներին՝ մեղադրելով նրանց քաղաքացիական անձանց որպես վահան օգտագործելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանի հարցով համաժողով Փարիզում, ԱՄՆ-ից կմասնակցի փոխպետքարտուղար Վերմանը