Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչում Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում 2-1 հաշվով հաղթել է Անգլիայի ընտրանուն և չորրորդ անգամ վաստակել է Հին մայրցամաքի չեմպիոնի տիտղոսը:
Հաշիվը երկրորդ խաղակեսի 47-րդ րոպեին բացել է իսպանացի Նիկո Վիլյամսը, 73-րդ րոպեին անգլիացի Քոուլ Փալմերը գոլ է խփել՝ 1-1: Եվ երբ արդեն թվում էր, որ կնշանակվի լրացուցիչ 30 րոպե, իսպանացի Միկել Օյարզաբալը 86-րդ րոպեին իր թիմի հաղթական գոլն է խփել:
Մարզիչ Գարեթ Սաութգեյթի ղեկավարած Անգլիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ և պարտվել:
Իսպանացի կիսապաշտպան Ռոդրին (Ռոդրիգո Էրնանդես Կասկանտե) ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, իսկ իսպանացի հարձակվող Լամին Յամալը՝ մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Նիկո Վիլյամսը:
Մարզական մեկնաբանները նշել են, որ Իսպանիայի հավաքականը գեղեցիկ, արագ և տեխնիկապես բարձրագույն մակարդակի ֆուտբոլ է ցուցադրել ամբողջ մրցաշարի ընթացքում և 100 տոկոսի արդյունք է ապահովել 7 խաղում տանելով 7 հաղթանակ: