Իշխանությունը երկրի անցակետերում ավելացնում է Հայաստանի ինքնիշխանության բաղադրիչը. Անդրանիկ Քոչարյան

Բեռնատարը հատում է Իրան-Հայաստան սահմանը, արխիվ

«Մենք տնօրինում ենք մեր անցակետերի շարժը՝ ամբողջությամբ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը:

Հաջորդ տարվա հունվարի 1-ից Սյունիքի Ագարակի անցակետից, իսկ անցած օգոստոսին՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելով՝ իշխանությունն ավելացնում է Հայաստանի ինքնիշխանության բաղադրիչը, կարծիք հայտնեց Անդրանիկ Քոչարյանը։

Երեկ Պուտին- Փաշինյանի երկկողմ հանդիպումից հետո միայն հայտնի դարձավ, որ երեք ամսից Մեղրիի հսկիչ-սահմանային կետում ռուսներին կփոխարինեն հայ սահմանապահները։ Իսկ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությունը ռուս սահմանապահները կիրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերի հետ միասին։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում տարածեց վարչապետ Փաշինյանի խոսնակը։ Պարզ չէ՝ արդյոք քաղաքական որոշումն ավելի վաղ էր կայացվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս սահմանապահները հեռանում են Իրան-Հայաստան հսկիչ-սահմանային կետից

«Զվարթնոց»-ը հիշո՞ւմ եք, որ ինչ պայմանավորվածության արդյունքում դա դարձավ իրականություն. ոչ մեկը չէր հավատում, բայց Հայաստանի գործող իշխանությունները, ավելացնելով մեր ինքնիշխանության բաղադրիչը անցակետերում, առաջին քայլը հենց տեղի ունեցավ «Զվարթնոց» օդանավակայանում՝ այդ պարտականությունը Հայաստանի սահմանապահ ուժերին անցնելու տեսանկյունից, և հաջորդը՝ ինքներդ տեսաք, որ արդեն որոշում է կայացվել՝ հունվարի 1-ից Ագարակի անցակետը պետք է տնօրինեն մեր Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները», - ասաց Քոչարյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուս սահմանապահների հեռացումը «Զվարթնոց»-ից լուրջ ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերություններում. փորձագետՌուս սահմանապահներն ավարտեցին ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում

Ագարակի անցակետում ռուսական սահմանապահ ուժերին Հայաստանի սահմանապահներով փոխարինելու որոշումից բացի, պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահն առավել կարևոր է համարում այն, որ Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանին ռուս սահմանապահների հետ միասին ծառայություն պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը:

Թե ինչ համամասնությամբ են հայ և ռուս սահմանապահները համատեղ պահպանություն իրականացնելու, ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ այդ մասին խոսելը դեռ վաղ է:

«Եվ էդ անցումը ռուս սահմանապահ զորքերից հայկական սահմանապահ զորքերին բավականին ժամանակահատված կխլի մեզանից, որովհետև դրա ձևավորման պրոցեսը՝ պրոֆեսիոնալ տեսանկյունից և կարիքների ամրապնդման տեսանկյունից, ժամանակատար է», - ընդգծեց ԱԺ հանձնաժողովի նախագահը:

«Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը նպատակ ունի փուլ առ փուլ ինչ-որ մի ժամանակահատվածում արդեն ամբողջությամբ ինքնուրույն իրականացնել իր պետական սահմանների պահպանությունը՝ և՛ Թուրքիայի հետ, և՛ Իրանի հետ», - այս հարցին էլ ԱԺ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. - «Պետական սահմանի հետ կապված կան միջպետական պայմանագրեր, և էդ պայմանագրերը պետք է գործեն մինչև այն պահը, մինչև որ կավարտվի պայմանագրի ժամկետը, և մենք պետք է պատրաստ լինենք դրանից հետո ինքներս իրականացնել այդ սահմանապահ ծառայությունը»։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահն ընդգծում է՝ տասնամյակներ շարունակ խորհրդային Հայաստանի սահմանների պաշտպանությունն իրականացրել են սովետական սահմանապահ ուժերը։ Խորհրդային Միության փլուզումից հետո արդեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պահպանությունը Երևանի և Մոսկվայի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում Հայաստանի խնդրանքով սկսեցին իրականացնել Ռուսաստանի սահմանապահները։ Այժմ, սակայն, Հայաստանն իր անվտանգային համակարգը բարեփոխումների ենթարկելով՝ նաև սահմանապահ կառույցների խնդիրն է լուծում։

«Կարող ենք ենթադրել, որ այս որոշումը հենց երեկ տեղի չունեցավ Հայաստանի և Ռուսաստանի միջև, այսօրինակ կարևորագույն որոշումը այդ կես ժամվա հանդիպման ընթացքում, ճի՞շտ է, տեղի չունեցավ։ Ռուսաստանի Դաշնությունը իսկապես այդպես հոժարակա՞մ է դուրս գալիս, իր դիրքերը զիջում այս տարածաշրջանում», - այս հարցին էլ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. - «Հոժարակամս ո՞րն է, դա միջպետական համաձայնությունների շրջանակում է, և էդտեղ Հայաստանի գործող իշխանությունները ցանկանում են, որպեսզի իրենց ներկայությունը լինի բավականին ներառական, և դա այդպես էլ կլինի: Բայց դա ժամանակ է պահանջում, որպեսզի ամբողջ ծավալով Հայաստանը պատրաստվի և պատրաստ լինի էդ ամբողջ ծառայությունների բեռը վերցնի իր վրա»:

«Կասկածից վեր է, որ էականորեն ներգրավված է նաև Իրանը»

Այն, որ ռուսական սահմանապահ ուժերին Մեղրիի անցակետից դուրս բերելու որոշումը կայացվել է տևական և բազմակողմ քննարկումներից հետո, փաստում են նաև վերլուծաբանները:

Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ կասկածից վեր է, որ հայ-ռուսական այդ համաձայնության մեջ էականորեն ներգրավված է Իրանը, և սա ըստ էության եռակողմ փոխհամաձայնություն է:

«Ինչ-որ իմաստով սա նաև ժեստ է Իրանին, որովհետև երբ Ռուսաստանը դուրս է գալիս այդ անցակետից, սա փաստացի նշանակում է, որ աշխարհաքաղաքական իմաստով վստահվում է այդ կետը իրանին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը:

Ի՞նչ է ստանում Ռուսաստանն այս որոշումից՝ ի վերջո զիջելով դիրքերը տարածաշրջանում։ Քաղաքական մեկնաբանն ասում է՝ տևական ժամանակ է, որ Ռուսաստանը Կովկասում և հատկապես Հայաստանին առնչվող հարցերում կայունության ապահովման գործառույթը պատվիրակել է Իրանին:

«Մենք տեսնում ենք, օրինակ, Ադրբեջանի որևէ ագրեսիվ մտադրության հանդեպ ավելի կոշտ և ավելի հատու խոսում է Իրանը: Սա պայմանավորված է, բնականաբար, նրանով, որ Ռուսաստանը որոշակի ավելի կաշկանդվածություն ունի Ադրբեջանի հետ հարաբերություններում, Թուրքիայի հետ հարաբերություններում, և այդտեղ Իրանի դիրքավորման սպեցիֆիկան Իրանին թույլ է տալիս ավելի կոշտ և հատու խոսել: Եվ այդ համատեքստում կարող է լինել նաև ահա այդ ժեստը, որ Ռուսաստանը անում է Իրանին՝ դրա դիմաց գուցե ակնկալելով նաև որոշակի պայմանավորվածություններ այլ համատեքստում», - ընդգծեց Հակոբ Բադալյանը:

Ինչ վերաբերում է Իրանի և Թուրքիայի սահմանի պաշտպանությանը Հայաստանի սահմանապահների ներգրավմանը, ապա, քաղաքական մեկնաբանի գնահատմամբ, այդ հանգամանքը որպես Ռուսաստանից անկախ քաղաքականություն վարելու փաստարկ Հայաստանի իշխանությունը կարող է օգտագործել Արևմուտքի հետ հարաբերություններում։