Իրավապահներից թաքնվող օլիգարխի հովանու տակ Մոլդովայում հավաքագրում են երիտասարդների՝ «Ռուսաստանը ճանաչելու և սիրելու համար»

Իլան Շոր, արխիվ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությունը բացահայտել է փախուստի մեջ գտնվող միլիարդատեր Իլան Շորի՝ Մոլդովայում արգելված կուսակցության մութ գործարքներից մի քանիսը․ գայթակղիչ առաջարկներ երիտասարդներին, անվճար ճամփորդություններ և գաստրոնոմիական հաճույքներ, որոնց դիմաց նրանցից մեկ բան է պահանջվում՝ «հետաքրքրություն Ռուսաստանի հանդեպ»։

Մի շարք փաստեր վկայում են, որ ռուսական հետախուզությունը շահույթ չհետապնդող կազմակերպություններ է ստեղծում՝ դրանց շղարշի տակ համախոհների ցանցը ընդարձակելու և ապագա լրտեսների հավաքագրելու համար:

Հեղինակներ՝ Դենիս Դերմենջի և Անդրեյ Սոշնիկով

ՔԻՇԻՆԵՎ․ անվճար ճամփորդությունների, բարձրաճաշակ խոհանոցի և միլիոնավոր ռուբլու դրամաշնորհներով գայթակղված՝ Մոլդովայից հարյուրավոր երիտասարդներ վերջին ամիսներին համաձայնել են մասնակցել ռուսական ազդեցության տարածմանն ուղղված ծրագրերին, որոնք, ինչպես «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությունն է պարզել, հովանավորվում են ռուս պաշտոնյաների և փախուստի մեջ գտնվող մոլդովացի օլիգարխ Իլան Շորի կողմից։

Ծրագիրն իրականացնում է ռուսական «Եվրազիա» կազմակերպությունը՝ նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար։ Մասնակիցներից միայն մեկ բան է պահանջվում՝ ոգևորություն և բազմաթիվ անձնական տվյալների տրամադրում։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը բացահայտել է, որ վերջին չորս ամիսների ընթացքում նախկին խորհրդային միության երկրներից առնվազն 10 նման ուղևորություն է կազմակերպվել դեպի Մոսկվա՝ նոր սերնդի մոտ «Ռուսաստանի հանդեպ ջերմ զգացումներ արթնացնելու համար»։

Մոսկվայում երիտասարդների հետ «փորձագետներ» են աշխատել, այդ թվում՝ ոմանք, որ կանգնած են Արևմուտքի ու Ռուսաստանի մերձավոր հարևանությամբ ընկած երկրների դեմ Կրեմլի հիբրիդային պատերազմի առաջնագծում:

Արտեմը, ով համաձայնել է զրուցել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության հետ՝ ինքնությունը չբացահայտելու պայմանով, ծրագրի մասնակիցներից մեկն է։

«Իմ հասակակիցներից շատերին դուր եկավ ճամփորդությունը, քանի որ նախևառաջ ոչ ոք ոչ մի բանի համար չէր վճարել», - պատմել է նա՝ հավելելով,- «Ոմանք որոշել են այդքանով էլ հենց «սահմանափակել» կապերը կազմակերպության հետ, շատերը, սակայն, հետաքրքրված են վերադառնալ Ռուսաստան և ավելի ակտիվ մասնակցություն ունենալ»:

«Եվրազիա»-ն ղեկավարում է Մոլդովայից անջատված Մերձդնեստրում մեծացած մի ռուս պատգամավոր։ Կազմակերպությունը հիմնադրել է Օրհեի քաղաքային վարչակազմի նախկին հաշվապահը, երբ քաղաքը ղեկավարում էր օլիգարխ Իլան Շորը։ Վերջինս 37-ամյա, ներկայումս փախուստի մեջ գտնվող ձեռնարկատեր է, ով Մոլդովայում դատապարտվել է 2014 թվականին բանկային ակտիվներից շուրջ 1 միլիարդ դոլար գողանալու գործով: Շորը վերջերս ՌԴ քաղաքացիություն է ստացել, և, ինչպես Մոլդովայի եվրոպամետ նախագահ Մայա Սանդուն է պնդում, փորձում է արտերկրից խժդժություններ հրահրել։ Սանդուն մի քանի անգամ կոչ է արել «առավելագույն զգոնություն» ցուցաբերել ՝ հակազդելու Մոլդովայի ներքաղաքական իրավիճակն անկայունացնելու՝ ռուսական ինտենսիվ ջանքերին։

Ռուսաստանը հերքում է, թե փորձում է ապակայունացնել իրավիճակը Եվրամիության անդամակցության ձգտող երկրում։

Ազդեցության գործակալնե՞ր


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին հասանելի է դարձել Telegram-ի մի փակ խմբի նամակագրություն, որտեղ «Եվրազիայի» ադմինիստրատորները շուրջ 30 երիտասարդների հետ քննարկել են դեպի Մոսկվա նախապատրաստվող հերթական այցը՝ «Եկեք ճանաչենք Ռուսաստանը» ծրագրի շրջանակներում: Գրանցվածներից 26-ը Մոլդովայի քաղաքացիներ էին, երկուսը՝ Ուզբեկստանից, մեկը՝ Տաջիկստանից։

«Մենք պարզապես ուզում ենք ընկերներ լինել»

Շորը փախել է Իսրայել 2014-ին, այս տարվա սկզբին հայտնվել Ռուսաստանում, որտեղ էլ հետագայում ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն: Մինչ այդ հասցրել է հայտվել ԱՄՆ պատժամիջոցների թիրախում, նաև՝ կուսակցություն հիմնել Մոլդովայում, որի գործունեությունը կարճ ժամանակ անց արգելվեց՝ ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու մեղադրանքով։ Մինչ այդ նա Օրհեի քաղաքապետն էր շուրջ չորս տարի։ Քաղաքապետարանի այդ ժամանակվա հաշվապահ Նելլի Պարուտենկոն հետևել է նախկին ղեկավարին ու տարիներ առաջ փախել Մոլդովայից, երբ նրանց դեմ քրեական գործ է բացվել։ Հիմա նա «Եվրազիայի» հիմնադիր տնօրենն է:

Կազմակերպությունում ներգրավված են նաև այլ հայտնի մոլդովացիներ՝ ռուսամետ «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Նատալյա Պարասկան՝ «Եվրազիայի» կառավարման խորհրդի անդամ․ Մոլդովայի նախկին կոմունիստ նախագահ Վլադիմիր Վորոնինը, ով ապրիլին հեռավար մասնակցել է «Եվրազիայի» Մոսկվայում կայացած միջոցառմանը, Եվգենիա Գուտուլը՝ Մոլդովայի ինքնավար Գագաուզիայի շրջանի նահանգապետը և Շորի քաղաքական դաշնակիցը:

«Մենք խաղաղասեր ենք, պարզապես ցանկանում ենք ընկերներ լինել», - մայիսին ասել է «Եվրազիայի» վարչության նախագահ, ռուս պատգամավոր Ալյոնա Արշինովան, ով գլխավորում է նախկին խորհրդային հանրապետություններին «վերաբարեկամացնելու» ջանքերը:

Արշինովան հայտնվել է Արևմուտքի պատժամիջոցների ցուցակում՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանն աջակցելու համար:

«Հայտնի փորձագետներ՝ հայտնի դիրքորոշմամբ»


Վերջին հրապարակումները ցույց են տալիս, որ Ռուսաստանն ավելի ու ավելի հաճախ է փորձում երիտասարդ օտարերկրացիների հավաքագրել՝ «անմեղ» ծրագրերի, փոխադարձ այցելությունների միջոցով, հատկապես, արևմտյան երկրներից տասնյակ ռուս լրտեսների աղմկոտ արտաքսումներից հետո։ Ավելի վաղ ռուսալեզու The Insider պարբերականն էր գրել, որ ռուսական հետախուզությունը շահույթ չհետապնդող կազմակերպություններ է ստեղծում՝ դրանց շղարշի տակ համախոհների ցանցը ընդարձակելու և ապագա լրտեսների հավաքագրելու համար:

«Եվրազիա»-ի նախորդ միջոցառումների բանախոսներից մեկը ծայրահեղ աջակողմյան ռուս գաղափարախոս և ավտորիտար եվրասիական պետության ջատագով Ալեքսանդր Դուգինն էր, ով, ըստ շատ փորձագետների, մեծ ազդեցություն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական հայացքների վրա:

Ելույթ ունեցողների շարքում է եղել նաև ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով հաճախակի հանդես է գալիս որպես պուտինամետ քարոզիչ և նախկինում եղել Ուկրաինայի տապալված ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի քաղաքական խորհրդականը:

Կազմակերպիչների և բազմաթիվ մասնակիցների գրառումները սոցիալական ցանցերում հաստատում են, որ միջոցառմանը մասնակցել է նաև նախկին ծանրամարտիկ և խարկովաբնակ ակադեմիկոս Ալեքսեյ Սամոյլովը, ով կասկածի տակ է դրել ուկրաինական պետականությունը: Սամոյլովը գլխավորում է «Ուրիշ Ուկրաինա» կոչվող ռուսամետ մի շարժում և պնդում է, որ «Ուկրաինան սեփական ազգային պետականություն չունի»։

Այդ ծրագրի բազմաթիվ մասնակիցներ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմել են՝ իրենց քաջալերել են հայրենիք վերադառնալուն պես խթանել «ռուսական մշակույթը և եվրասիական զարգացման ուղղությունը»: Բոլորը պարտավորված են եղել տրամադրել իրենց անձնական տվյալները՝ անձնագրերից մինչև հեռախոսահամարներ: Նրանց նաև առաջարկել են դիմել դրամաշնորհի համար, սովորել «Եվրազիայի» մեդիա դպրոցում կամ դառնալ «Եվրազիայի դեսպան»: Վստահեցրել են՝ «գրանտը» հաստատ կստանան՝ մինչև 1 միլիոն ռուսական ռուբլի (11 հազար 600 դոլար) յուրաքանչյուր նախագծի համար:

«Մեզ ասացին, որ ընդամենը պետք է դիմել, այլ բան հարկավոր չէ», - պատմել է Արտեմը:

Կազմակերպության՝ վերջերս կայացած մրցույթում ցուցագրված 73 դրամաշնորհներից 13-ը տրվել են մոլդովացիներին: Ծրագրերից մեկով նախատեսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված զինվորների հուշարձանները նորոգել, մյուսը խոստանում է բացել աջակցության կենտրոն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար: Ի դեպ, դրամաշնորհներից մեկն էլ տրամադրվել է «Հայաստանի և Եվրասիայի միջև տեղեկատվական կամուրջներ» գցելու համար։ «Ազատությունը» ուսումնասիրում է՝ովքեր են ստացել այդ միջոցները, և ինչ ծրագրեր են իրականացնելու։

Նախագծերի ցանկը, որոնք հաստատել է կազմակերպությունը՝ «Եվրազիա՝ հնարավորությունների մայրցամաք» մրցույթում: