Իրավապահների պնդմամբ՝ վրացական ընդդիմությունը խախտել է քարոզարշավի ֆինանսավորման կանոնները

Ռաժդեն Կուպրաշվիլին, արխիվ

Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոն պնդում է, որ ընդդիմադիր մի շարք կուսակցություններ խախտել են քարոզարշավի ֆինանսավորման կանոնները։ Այս մասին այսօր հայտարարել է գերատեսչության ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին։

Վրաց պաշտոնյայի խոսքով՝ ընդդիմադիր վեց կուսակցություններ և մեկ ընդդիմադիր գործիչ՝ «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշթարիան, մասամբ կամ ամբողջությամբ չեն հրապարակել իրենց գործունեության ֆինանսական հաշվետվությունները։

«Չի բացառվում, որ այս քաղաքական ուժերի նախընտրական արշավը ֆինանսավորում են միջազգային կազմակերպությունները՝ այդ կուսակցությունների հետ առնչվող ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։ Նման սխեմայով քաղաքական գործընթացների ֆինանսավորումը սպառնալիք է արդար նախընտրական պրոցեսի համար», - նշել է Կուպրաշվիլին։