Առնվազն իրանական կողմը փորձում է մինչև այս պահը ամեն կերպ խուսափել լայնածավալ պատերազմից, և Իսրայելին էլ դժվար թե այդքան էլ ձեռք տա իսկապես լայնածավալ պատերազմ հենց Իրանի հետ, «Ազատության» հետ զրույցում ասում է իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը։
Իսրայելը վերսկսել է ռմբակոծել Բեյրութի հարավային արվարձանները՝ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլա» (զինյած խմբավորում և կուսակցություն, որ ներկայացվել է Լիբանանի խորհրդարանում) խմբավորման հենակետը, իրականացնելով առնվազն մեկ տասնյակ ավիահարվածներ այն թիրախներին, որոնք, ըստ նրա, պատկանում են խմբավորմանը: Իրանն այսօր հայտարարել է՝ Իսրայելի վրա իր ամենամեծ ռազմական հրթիռային հարձակումն ավարտել է։
Ստորև ներկայացնում ենք հատված իրանագետ Աննա Դավթյանի հետ հարցազրույցից.
«Ազատություն». - Կարծես, սա, այնուամենայնիվ, լայնածավալ պատերազմի նախերգանք չէ, այլ միայն ուժերի ցուցադրություն։
Աննա Դավթյան-Գևորգյան. - Վերջին ամիսների զարգացումները Իրան-Իսրայել հարաբերություններում անվերջ այդ հարցը այժմեական են պահում, արդյոք այս կամ այն կողմի պատասխան հարվածը միմյանց այլևս վերջին կետն է լինելու լայնածավալ պատերազմի համար, թե՞ դեռևս տեղ կա, այսպես ասած, մանևրելու։ Փաստն այն է, որ առնվազն իրանական կողմը փորձում է մինչև այս պահը ամեն կերպ խուսափել այդ լայնածավալ պատերազմից, և եթե մի կողմ թողնենք քարոզչական հնարքները և հռետորաբանությունը, ապա Իսրայելին էլ դժվար թե այդքան էլ ձեռք տա իսկապես լայնածավալ պատերազմ հենց Իրանի հետ։
Առայժմ փորձում են իրենց պրոքսի ուժերի միջոցով պարպել ստեղծված լարվածությունը, բայց իհարկե, հրթիռներով արդեն երկրորդ անգամ հարվածելը, ևս մեկ անգամ Իրանի կողմից ուժի ցուցադրությունն է և ցուցադրությունն է նրա, որ լայնածավալ պատերազմից մի կողմից չի վախենում, մյուս կողմից, եթե ուղերձները նայենք, առնվազն նախագահի մակարդակով ուղերձն այն էր, որ մենք, միևնույն է, ամեն ինչ անելու ենք՝ խուսափելու համար պատերազմից, բայց նաև թույլ չենք տալու, այսպես ասած, միջազգային իրավունքի խախտում և տարածքային ամբողջության խախտում, և նաև ի պատասխան նրա, որ իրենց գործընկերներին սպանում են ոչ միայն Իրանից դուրս, այլ նաև Իրանի տարածքում, այսինքն՝ պատասխաններ լինելու են, բայց միևնույն ժամանակ արվելու են քայլեր՝ նաև խուսափելու լայնածավալ պատերազմից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հայտարարարել է Իսրայելի վրա հարձակումն ավարտելու մասինՓաստ է, որ Իրանի «ռազմավարական համբերություն» ասված մոտեցումը դեռևս ակտուալ է, և իրենք փորձում են առնվազն մինչև ԱՄՆ ընտրություններ... կարծում եմ, Իրանը նույնպես կփորձի սպասել, թե ինչ է տեղի ունենալու ԱՄՆ-ում, որովհետև դրանից կախված կլինի նաև, թե երկխոսություն ի վերջո Իրանի և Ամերիկայի միջև լինելու է, թե ոչ, և ըստ այդմ, նաև Իսրայելին զսպելու մեխանիզմներն էլ գուցե ավելի գործուն լինեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին Լիբանանից կա՛մ տարհանում են, կա՛մ երկիրը լքելու կոչ անում«Ազատություն». - Ենթադրաբար Նեթանյահուն էլ է դրան սպասում, հակառակ այն կանխատեսումների, որ (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորում) «Համաս»-ի և (ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված, ԵՄ-ի կողմից սև ցուցակում է հայտնվել խմբավորման զինված թևը) «Հեզբոլա»-ի հարցերը լուծելուց հետո հերթը Իրանին է հասնելու։
Աննա Դավթյան-Գևորգյան. - Նեթանյահուի քայլերում կարծես հակառակ տենդենցն է, կարծես շտապում է մինչև ընտրությունները հնարավոր բոլոր քայլերը կատարելու, որովհետև տեսնում է, որ լուծման մեխանիզմները այնքան էլ լավ չեն հիմա աշխատում, բայց այդ տեսանկյունից կոնկրետ Իրանի հետ առճակատումը Իսրայելի համար նույնպես կարող է ճակատագրական լինել, բայց իր համար կարևոր է, որ իրենց մեկնաբանությունենրով էլ Իրանին աջակից ուժերին Մերձավոր Արևելքում թուլացնելով դրանով իսկ իրենք կարող են այն սպառնալիքը, որ կարծում են, որ Իրանը ունի Իսրայելի հանդեպ, չեզոքացնել։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում.