Իրանը նախատեսում է նոյեմբերի 29-ին Ժնևում միջուկային բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրամիության հետ, հաղորդում է ճապոնական Kyodo գործակալությունը։
Ըստ Kyodo-ի իրանական դիվանագիտական աղբյուրների՝ ակնկալվում է, որ Իրանի կառավարությունը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորությամբ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ կփորձի դուրս գալ միջուկային փակուղուց ԵՄ-ի հետ։
Հրապարակումից ավելի ուշ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայը հաստատել է այս լուրը։
Հայտարարությունը հնչում է մի քանի օր անց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ատոմային միջուկային գործակալությունն ընդունեց Իրանի դեմ բանաձևը:
Նախորդ շաբաթ Իրանի արտգործնախարարն ասել էր, որ Արևմուտքի հետ միջուկային բանակցությունների համար դեռ «սահմանափակ հնարավորություն» կա։
Թեհրանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները լարվեցին հատկապես, երբ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ 2015-ին կնքած Իրանի և համաշխարհային տերությունների հետ միջուկային համաձայնագրից և վերսկսեց ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: