Իրանը հայտարարում է՝ Իսրայելի վրա իր ամենամեծ ռազմական հրթիռային հարձակումն ավարտել է՝ կանխելով հետագա սադրանքները, հաղորդում է Reuters գործակալությունը միևնույն ժամանակ նշելով, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները սպառնացել են հակահարված տալ՝ ավելի լայն պատերազմի մտավախությունների ֆոնին։
«Մեր գործողությունները կավարտվեն, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի որոշել հետագա պատասխան գործողություններ հրահրել: Այս դեպքում, սակայն, մեր պատասխանն ավելի ուժեղ և հզոր կլինի»,- X-ի իր ուղերձում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նա նշել է, թե նախօրեին ինքնապաշտպանական գործողություններն են ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ թիրախավորելով միայն ռազմական և անվտանգության օբյեկտներն Իսրայելում, որոնք պատասխանատու են Գազայում և Լիբանանում ցեղասպանությունների համար։
«Մենք դա արեցինք գրեթե երկու ամիս ահռելի զսպվածություն ցուցաբերելուց հետո, որպեսզի հնարավորություն տանք Գազայում հրադադար հաստատել», - գրել է Իրանի արտգործնախարարը։
Չնայած ՄԱԿ-ի, Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից հրադադարի կոչերին, Իսրայելի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի միջև մարտերը շարունակվում են:
Իսրայելը վերսկսել է ռմբակոծել Բեյրութի հարավային արվարձանները՝ Իրանի կողմից աջակցվող խմբավորման հենակետը, իրականացնելով առնվազն մեկ տասնյակ ավիահարվածներ այն թիրախներին, որոնք, ըստ նրա, պատկանում են խմբավորմանը:
Թեհրանը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Իսրայելի վրա հարձակումն ուղղված էր բացառապես ռազմական օբյեկտների վրա և հարձակումն անվանել է վրեժ՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան արմատական «Համաս»-ի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի առաջնորդների սպանության համար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել։ «Իրանն այս գիշեր մեծ սխալ թույլ տվեց, և նա կվճարի դրա համար», - հայտարարել է Նեթանյահուն։
Ամերիկյան Axios լրատվական կայքը գրում է, որ Իսրայելը կարող է թիրախավորել իրանական նավթի արդյունահանման օբյեկտները և ռազմավարական այլ վայրեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ