«Գրեմմի» մրցանակի դափնեկիր Շերվին Հաջիփուրը, որին սպառնում էր ազատազրկում Baraye վիրուսային երգի ստեղծման համար, հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործը փակվել է, և իրեն համաներում են շնորհել:
Սոցիալական ցանցերում Հաջիփուրը հույս է հայտնել, որ իր սերունդը կկարողանա «ապրել այն կյանքով, որին արժանի է»։
Իրանի դատարանը մարտին 27-ամյա երիտասարդին դատապարտել էր երեք տարի ութ ամիս ազատազրկման՝ «ազգային անվտանգության դեմ անկարգություններ հրահրելու» և «ռեժիմի դեմ քարոզչություն տարածելու» համար։
Baraye երգը դարձավ Իրանում «Կանայք, կյանք, ազատություն» բողոքի ցույցերի օրհներգը, որը հաջորդեց 2022 թվականի սեպտեմբերին Մահսա Ամինիի մահվանը։ Երիտասարդ կինը ոստիկանական կալանքի տակ էր՝ գլխաշորը ոչ պատշաճ կրելու համար։
Օրերս հայտնի դարձավ, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել հազարավոր բանտարկյալների, այդ թվում՝ օտարերկրացիների և նրանց, ովքեր մեղադրվում են հակապետական հանցագործությունների մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել մոտ երեք հազար բանտարկյալների