ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության կազմակերպության գաղտնի զեկույցը պնդում է, որ Իրանը, ի հեճուկս միջազգային պահանջների, ավելացրել է հարստացված ուրանի իր պաշարները՝ հասցնելով սպառազինության մակարդակի։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) զեկույցում, որին հղում են անում Reuters-ը և Associated Press-ը, ասվում է, որ օգոստոսի 17-ի դրությամբ Իրանը 22,6 կիլոգրամով ավելացրել է հարստացված ուրանի մինչև 60 տոկոս պաշարը։ Մինչև 60 տոկոս մաքրությամբ հարստացված ուրանից դեպի զենքի 90 տոկոս մակարդակ, ըստ զեկույցի, ընդամենը տեխնիկական մի փոքր քայլ է։
ԱԷՄԳ-ն պնդում է նաև, որ Թեհրանը նույնպես չի վերանայել իր 2023 թվականի սեպտեմբերի որոշումը, որով փաստացի արգելում է միջուկային ամենափորձառու տեսուչներին վերահսկել իր միջուկային ծրագիրը, իսկ գործակալության հսկողության տեսախցիկները շարունակաբար խափանվում են։
Իրանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Աբբաս Արաղչին մի քանի օր առաջ առաջարկել էր վերակենդանացնել միջուկային համաձայնագիրը, որը միակողմանի խզվել էր ԱՄՆ-ի կողմից Թրամփի նախագահության օրոք։ Բայդենի վարչակազմից պատասխանել էին, որ օրակարգում այդ հարցը չի քննարկվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերակենդանացումը Բայդենի վարչակազմի օրակարգում չէ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Reuters. «Թեհրանը ուրանի հարստացման մակարդակը հասցրել է 84 տոկոսի»