Իրանի ենթակառուցվածքի վրա ցանկացած հարձակում կարժանանա պատասխան գործողությունների, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ նախազգուշացնելով Իսրայելին:
Իսրայելական բանակը ուժեղացրել է ճնշումն Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հեզբոլա»-ի վրա՝ Բեյրութի մերձակայքում սպանելով խմբավորման շտաբի հրամանատար Սուհեյլ Հուսեյն Հուսեյնին, փոխանցում է Reuters-ը։ Ըստ լրատվամիջոցի, եթե այս տեղեկությունը հաստատվի, դա կլինի իսրայելական կողմի ռազմավարության հետևանք՝ չեզոքացնելու խմբավորման հրամանատրությանը:
Իսրայելի պաշտպանության բանակն այսօր հաղորդել է, որ հոկտեմբերի 7-ին Լիբանանի տարածքից «Հեզբոլա»-ն 190 արկ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, առնվազն 12 մարդ տուժել է։
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի դաշնակից «Հեզբոլա» խմբավորման դեմ Լիբանանում: Իսկ Իսրայելի և «Համաս»-ի միջև պատերազմը վերսկսվել է 2023-ի հոկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերի 7-ը դարձել է «Համաս»-ի գրոհայինների կողմից Իսրայելի բնակիչների վրա հարձակման զոհերի հիշատակի օր։
Հարձակումների ֆոնին մտավախություններ կան, որ ԱՄՆ-ը՝ Իսրայելի ամենամոտ դաշնակիցը, և Իրանը կներքաշվեն լայնածավալ հակամարտության մեջ:
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը մոտ 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Թեհրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ուղղված էր բացառապես ռազմական օբյեկտների վրա և հարձակումն անվանել է վրեժ՝ արմատական «Համաս»-ի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի առաջնորդների սպանության համար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել։ Մտավախություններ կան, որ Իսրայելը կարող է թիրախավորել իրանական նավթի արդյունահանման օբյեկտները և ռազմավարական այլ վայրեր։