Իրանի հետ բանակցությունները՝ շահարկումների թեմա ԱՄՆ նախագահական ընտրություններում

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները դառնում են ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունների առանցքային հարցերից մեկը:

Հանրապետական սենատորները մնում են Իրանին հղված իրենց բաց նամակում արտահայտած կարծիքին՝ զգուշացնելով, որ եթե նախագահ Օբաման Իրանի հետ համաձայնագիր կնքի, այն ապագայում կարող է անվավեր հայտարարվել:

Թեքսասի նախկին նահանգապետ և նախագահի հավանական թեկնածու Ռիք Փերին, ելույթ ունենալով պահպանողականների համաժողովում, որտեղ Իրանի հարցը դարձել էր գլխավորներից մեկը, հայտարարել է․ - «Իրանին չպետք է թույլատրվի մշակել ատոմային սպառազինություն և վերջ»:

Իրանի միջուկային ծրագիրը Նյու Հեմփշիրում կայանալիք նախնական նախագահական ընտրությունների փուլում կարևոր տեղ է զբաղեցնում Ջեբ Բուշի ելույթներում:

«Դիտարկում եմ նախագահական ընտրություններում իմ մասնակցությունը և որպես նախագահ բանակցությունների չէի վարի Իրանի հետ այնպիսի պայմանագրի շուրջ, որը կօրինականացներ Այաթոլային ու այդ վարչակարգի բռնարարքները», - ասել է Բուշը:

Հարցը բարձրացվում է նաև հանրապետական մեկ այլ հավանական թեկնածու՝ Վիսքոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերի ելույթներում. - «Օտար երկրի վերաբերյալ, ինչպես օրինակ Իրանի պարագայում է, կարևոր որոշում կայացնելիս՝ կարծում եմ սահմանադրությունը պարզորոշ պահանջում է Կոնգրեսի խորհուրդը և համաձայնությունը»:

Իրանին հղված հանրապետականների նամակը քաղաքական հողմամրրիկ բարձրացրեց, սակայն դրա հեղինակ, Արքանզասից ընտրված սենատոր Թոմ Քոթոնը մնում է իր դիրքերում․ - «Դա մեր սահմանադրության պարզ փաստ է, եթե Կոնգրեսը չի հաստատում գործարքը, այն չի կարող շարունակվել: Իսկ այն գործարքը, որ մենք ունենք սեղանին այսօր, շատ վատն է»:

Պետքարտուղար Քերին հայտարարել է, որ նամակը սխալ էր և հաշվարկված էր բանակցություններին ուղղակիորեն միջամտելու նպատակով: Այս գնահատականը կիսում է գալիք նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնը:

«Կա՛մ այս սենատորները փորձում են օգտակար լինել իրանցիներին, կա՛մ վնասել գերագույն գլխավոր հրամանատարին միջազգային դիվանագիտության թեժ պահին: Երկու դեպքում էլ պատասխանը հեղինակազրկում է նամակը ստորագրողներին», ասել է Քլինթոնը:

Ըստ արտաքին քաղաքականության մասնագետ Քեն Սոֆերի՝ նամակի շուրջ բարձրացված աղմուկը դարձել է ներքաղաքական գլխավոր հարցերից մեկը:

«47 հանրապետական սենատորների կողմից ստորագրված նամակը իրապես աննախադեպ է: Այն խարխլում է նախագահի կողմից այլ երկրների հետ բանակցություններ վարելու հնարավորությունը, ինչը երբեք նախկինում չի եղել», - ասում է նա:

Ըստ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի քաղաքական վերլուծաբան Մաթ Դալեքի՝ բևեռացած ներքաղաքական իրավիճակը ազդում է արտաքին քաղաքականության վրա: Նրա խոսքերով` հանրապետականները փորձում են վրեժ լուծել Օբամայից ներգաղթի բարեփոխման վերաբերյալ գործադիր հրաման ստորագրելու համար: Հանրապետականների դիրքորորշումն է՝ «ամեն ինչ անելու ենք նրան հակադարձելու համար, անգամ այն ոլորտներում որոնք ավանդաբար Կոնգրեսի ոլորտը չեն»: