Իրաքում ԱՄՆ բազայի հրթիռակոծության հետևանքով ամերիկացի զինվորականներ են վիրավորվել․ Պենտագոնը հաստատել է տեղեկությունը։
«Այսօր ենթադրյալ հրթիռային հարձակում է տեղի ունեցել Իրաքի Ալ-Ասադ ավիաբազայում ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի դեմ», - ասել է խոսնակը:
Հարձակման մանրամասները չեն հաղորդվում, հավանական զոհերի և ավերածությունների մասին ևս դեռ տեղեկություններ չկան։
Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, փոխանցում է, որ առնվազն հինգ ամերիկացի զինվորական է վիրավորվել։
Իրաքի անվտանգության երկու աղբյուրներ էլ լրատվամիջոցին փոխանցել են, որ ամերիկյան ավիաբազայի ուղղությամբ երկու «Կատյուշա» հրթիռ է արձակվել։
Իրանի աջակցություն վայելող խմբավորումները վերջին օրերին վերսկսել են հրթիռակոծություններն ամերիկյան զորքերի ուղղությամբ՝ ակնհայտորեն փորձելով պատժել Վաշինգտոնին Իսրայելի հետ սերտ դաշինքի համար:
Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ անցյալ շաբաթ՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանությունից հետո։
Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղել են դեպի Իսրայելը և սպառնացել պատասխան գործողություններով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետք է ամեն ինչ անել՝ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմը կանխելու համար․ Հունգարիայի ԱԳ նախարար