Պաշտոնական Երևանը կրկին հերքում է Բաքվի հերթական պնդումները, թե մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ Բաքվի հաղորդումը չի համապատասխանում իրականությանը։
Արդեն մի քանի օր է Բաքուն Երևանին մեղադրում է հրադադարը խախտելու համար, Երևանը հերքել է բոլոր մեղադրանքները՝ հիշեցնելով Հայաստանի վարչապետի աշխատակազմի դեռ 2024-ի հունիսի առաջարկը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։ Երևանի այս առաջարկին Բաքուն չի արձագանքել։
Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։
Կրակոցների մասին Բաքվի պնդումները հնչում են հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո: Երևանը պատրաստ է այն ստորագրել, Բաքուն մինչ այդ հայկական կողմից պահանջում է փոխել Սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Իշխանությունից հայտարարում են՝ սահմանային կրակոցների մասին կեղծ պնդումները չեն նպաստում խաղաղության հաստատմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հերքում է կրակոցների մասին Բաքվի մեղադրանքները. իշխանության և ընդդիմության արձագանքը հնարավոր էսկալացիային