Աջակցում ենք Բագրատ սրբազանի շարժմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն այսօր շարունակում է երթը դեպի Երևան«Ազատություն». - Տիկին Գրիգորյան, Դուք միանալո՞ւ եք Երևանում Բագրատ սրբազանին, նա 2 օրից տեղ է հասնելու:
Գրիգորյան. - Մենք հայտարարել ենք, որ բնականորեն մենք աջակցում ենք այս շարժմանը և իր կողմից առաջադրված օրակարգին, և օրակարգն ակնհայտ է, որ ձևավորվել է հենց Տավուշում այս անթույլատրելի միակողմանի զիջումների համատեքստում: Կարծում եմ, սա ամբողջ հայ ժողովրդի օրակարգը պետք է դառնա, որովհետև բոլորս ենք հասկանում այս միակողմանի զիջումը բերելու է նոր զիջումների, ինչպես եղել է արդեն վերջին տարիների ընթացքում:
«Ազատություն». - Բայց ինչի՞ն եք աջակցում, եթե նա հաջողության է հասնում, այսինքն եկեղեցականը գալիս է իշխանության:
Գրիգորյան. - Դեռ նման քննարկում չկա, այսինքն, ես չգիտեմ, Դուք ինչ համատեքստում եք դա ասում:
«Ազատություն». - Ինրչպե՞ս են կանգնեցնում: Եթե Դուք դա ասում եք միակողմանի զիջում, գալիս են հրապարակ և պահանջում իշխանության հրաժարականը, դա չէ՞ օրակարգը, թեև չի հրապարակվել:
Գրիգորյան. - Մայիսի 9-ին երբ շարժումը հասնի տեղ, կարծում եմ, շարժման առաջնորդները իրենց հստակ առաջարկները կներկայացնեն, պահանջները, օրակարգը կներկայացնեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բագրատ Գալստանյանը պետք է Երևանից գնա Էջմիածին». իշխող ՔՊ-ից արձագանքում են սրբազանի առաջնորդած քայլերթին«Ազատություն». - Իշխանությունն ասում է, այսօր Ալեն Սիմոնյանը կրկին պնդեց, որ լավ էլ դուք եք այս ցույցերի կազմակերպիչը, ուղղակի ձեր դեմքով ձախողում եք և ահա հիմա այսպես եք փորձում, ի դեմս սրբազանի:
Գրիգորյան. - Անհեթեթություն է դա, որովհետև լավ, ինչպե՞ս է ձևավորվել այս շարժումը:
«Ազատություն». - Գառնիկ Դանիելյանը ձեր խմբակցությունից չէ՞:
Գրիգորյան. - Մեր խմբակցությունից է և Տավուշից է, այսինքն, ի՞նչ են ուզում ասել, որ էս շարժման մասնակիցները, Դուք միայն տեսեք, Երթի մասնակիցները՝ հոգևորական, մշակ, կիրանցի, ով կադաստրի թուղթը ձեռքին չի կարողանում հասանելիություն ունենալ իր սեփականությանը, զոհված զինծառայողների ծնողներ, բազմաթիվ այլ մտահոգ քաղաքացիներ: Կրկնում եմ՝ էս շարժումը չի ձևավորվել ինչ-որ մեկի սենյակում, ընդհակառակը, ձևավորվել է Տավուշում, երբ հայտարարվել է, որ միակողմանի զիջումներ պետք է իրականացվեն, և մարդիկ բնականորեն ընդդիմանում են այս օրակարգին: Ավելին՝ արհեստական կլիներ կամ անընդունելի կլիներ, եթե որևէ դիմադրություն չլիներ:
«Ազատություն». - Եթե Բագրատ սրբազանը հաջողի, ինչ-որ մեկը պետք է ստանձնի իշխանության ղեկը, արդյո՞ք դա նա պիտի լինի, պիտի եկեղեցին դա լինի:
Գրիգորյան. - Ես որևէ լիազորություն չունեմ շարժման անունից ինչ-որ հայտարարություն անել: