Ինքնահրկիզման փորձ, 7 ձերբակալված. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն (ՍԱՏՄ) այսօր այցելել են Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող կետեր՝ ստուգելու մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։ ՍԱՏՄ խախտումներ է արձանագրել ու այդ հիմքով մսեր առգրավել։
Ականատեսներն «Ազատության»-ը պատմեցին, որ ոստիկանների ու քաղաքացիների միջև բախում է տեղի ունեցել, կան բերման ենթարկվածներ, մսավաճառներից մեկն էլ ինքնահրկիզման փորձ է արել։
Մսավաճառները, որոնց մոտից ՍԱՏՄ-ն միս է առգրավել, «Ազատությանն» ասացին, որ իրենց համայնքներում սպանդանոցներ չկան, սակայն անասունները, նրանց փոխանցմամբ, ստուգված են, և եթե ՍԱՏՄ-ն մսերի ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերի, պատրաստ են դատարանի առաջ կանգնել։
Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Իսկ միջադեպի մասնակից ևս 7 հոգի խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն։
Նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար։
2020-ի հուլիսի 1-ից կենդանիների սպանդանոցային մորթը դարձել է պարտադիր։ Ըստ այդմ՝ գյուղացին այլևս չի կարող իր բակում մորթել սեփական անասունն ու վաճառքի հանել: Դեռ 2020-ին գյուղացիները դժգոհում էին, թե սպանդանոցների անհրաժեշտ քանակ չկա։
«Ասֆալտի վրայից միս վաճառելը և էն հակահիգիենիկ պայմաններում միս վաճառելը պետք է բացառվի Հայաստանի Հանրապետությունում», - ի պատասխան՝ հայտարարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեև կենդանիների սպանդանոցային մորթը հուլիսի 1-ից պարտադիր է, Լոռու սպանդանոցները դեռ գրեթե պարապուրդի մեջ են