Ախթալան և հարակից գյուղերը ժամանակավոր կապ ստացան արտաքին աշխարհի հետ

Ախթալայի 7 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը այսօր տեղադրվեց։ Փլուզման հետևանքով այդ բնակավայրերը մնացել էին մեկուսացման մեջ, բնակիչները գազամատակարարում, հոսանք և ջուր չունեին։ Այժմ հետիոտնային կամրջի միջոցով հնարավոր է կապ հաստատել, սննդամատակարարումն ավելի հեշտացել։

Սա նախնական լուծում է։

Այսօր Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենն «Ազատության»-ն ասաց, որ այս կամուրջը մինչև փլուզումը ծառայում էր կապող միջոց այդ գյուղերի հետ։

«Պետք է կառուցվի ամբողջությամբ նոր կամուրջ, նոր ստանդարտներ կան։ Կարծում եմ, որ նույն տեղում աշխատանքներին կխանգարի, պետք է տեղափոխվի, նոր կամուրջ կառուցվի ամբողջությամբ նոր տեղում», - նշեց նա։

Միևնույն ժամանակ երկաթուղու շինարարներն են տարածքում աշխատում, սակայն այն ամբողջությամբ վերականգնելու համար էլ երկար ժամանակ կպահանջվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօրվա դրությամբ 430 մարդ տարհանվել է իրենց հեղեղված բնակավայրերից. Սանոսյան

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր ասաց, որ կառավարությունը դեռևս չի դիմել այլ երկրների կամ միջազգային կառույցների հեղեղների հետևանքները վերացնելու համար օգնության նպատակով։ Բայց, աղետի գոտի հայտարարելը, փրկարար ծառայության տնօրենի խոսքով, ունի նաև այդ նպատակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վնասն ահռելի է ու այս պահին դժվար հաշվելի. Գնել Սանոսյան

Ընթանում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ


Գետի վարարման հետևանքով հեղեղված բնակավայրերում ընթանում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ։ Ալավերդի քաղաքի գետամերձ թաղամասերում ու հարակից գյուղերում դեռ հոսանքի ու գազամատակարարման խնդիրներ կան։ Որոշ տեղերում նաև կոյուղագծեր են վնասվել։

Լոռու մարզպետն այսօրվա ասուլիսում նշեց, որ վնասված կոյուղագծերը դեռ սանիտարահիգիենիկ անհանգստացնող վիճակ չեն առաջացրել։ Իրականացնում են կանխարգելիչ աշխատանքներ։ Մարզի ղեկավարի հավաստմամբ՝ առաջիկա մեկ- երկու օրերին կլուծվեն նաև հոսանքի և գազի խնդիրները՝ գրեթե ամբողջությամբ։

Փրկարարների օգնությամբ Ալավերդու Սանահին կայարան մեկուսացված թաղամաս ջրագիծ է հասցվել, գազաբալոններ են տեղափոխվել։ Այսօրվա դրությամբ այս թաղամասից 137 բնակիչ է տարհանվել՝ փրկարարական պարանների միջոցով։ 141 բնակիչ չի ցանկացել լքել իրենց տները։ Նրանք ապահովվում են սննդով։

Այսօր Սանահին կայարան թաղամասում գազամատակարարումն էր վերականգնվում։ Պաշտոնյաներն ասացին, որ մեկուսացված հատվածում ամբողջությամբ գազամատակարարում կապահովվի 1-2 օրերի ընթացքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ախթալայի փլուզված կամրջի փոխարեն կառուցվում է հետիոտնային կամուրջ