Որքանով են մոտ կողմերը խաղաղության համաձայնագրի ստորագրմանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վաշինգտոնում, 10-ը հուլիսի, 2024թ.

Պաշտոնաթող դիվանագետները խոսում են «ֆիկտիվ հայտարարությունների», Ադրբեջանի «ինդուլգենցիայի» մասին, ՔՊ-ում կարևորում են գործընթացի շարունակականությունը:

Չնայած Միացյալ Նահանգների պետքարտուղարի լավատեսությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության, երեկ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումից հետո ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածության կամ արդյունքի վերաբերյալ այդպես էլ որևէ հայտարարություն չհնչեց։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություններն ընդամենը արձանագրեցին «խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը» և նշեցին, թե համաձայնել են շարունակել աշխատանքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության․ Բլինքեն

Ինչպե՞ս կարող են կողմերը շատ մոտ լինել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, եթե պաշտոնական Բաքուն շարունակ պնդում է, որ պայմանագիրը չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը։

Ադրբեջանի արտգործնախարարը Հայաստանի Մայր օրենքը փոխելու պահանջը բարձրացրեց նաև երեկ Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի հարցերով ներկայացուցչի հետ հանդիպմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը

Արդյոք Միրզոյան-Բայրամով-Բլինքեն երեկվա հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը, արդյոք որևէ լուծում այս հարցում գտնվել է, թե՝ ոչ, պարզ չէ։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն X-ի իր էջում ընդամենը վերահաստատել է՝ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ Ադրբեջանի հետ ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնելու և կնքելու խաղաղության պայմանագիրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնելու և կնքելու խաղաղության պայմանագիր․ Միրզոյան

«Ֆիկտիվ հայտարարություններ», «ինդուլգենցիա Ադրբեջանի համար»

«Որևէ նորություն այդ հայտարարություններում չտեսա, որովհետև ամիսներ շարունակ այդ հայտարարությունները արվում են, մասնավորապես՝ այն մասին, որ կողմերը շատ մոտ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը:

ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 11-ը հուլիսի, 2024թ.

Արևմտյան հարթակներում հնչող լավատեսական հայտարարությունները, Ադոնցի համոզմամբ, ձևական բնույթ են կրում՝ հաշվի առնելով Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջն ու իրականում գոյություն ունեցող իրավիճակը:

«Այդ նախապայմանը, ավելի քան վստահ եմ, և ըստ ադրբեջանական կողմի հայտարարությունների՝ դուրս չի եկել՝ Սահմանադրությունը պիտի փոխվի էստեղ, Հայաստանի սուվերեն տարածքի մի մասը գտնվում է օկուպացիայի տակ, այսօրվա դրությամբ ռազմագերիներ են՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներառյալ, գտնվում Բաքվում, այսօրվա դրությամբ, այնուամենայնիվ, Սյունիքը ադրբեջանցիները կոչում են «Արևմտյան Զանգեզուր», և այս պայմաններում խոսել, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են համաձայնությանը խաղաղության պայմանագրի շուրջ, սա ես կարծում եմ, որ մի քիչ ֆիկտիվ բնույթ է կրում», - հայտարարեց նախկին փոխարտգործնախարարը:

Ի՞նչ ստացավ հայկական կողմը վաշինգտոնյան եռակողմ հանդիպումից. պաշտոնաթող դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանի համոզմամբ՝ ոչինչ:

«Հայկական կողմը ես չեմ կարծում որևէ բան դրանից քաղում է՝ բացի երևի թե հերթական ավելի սրված արձագանքը մեր ռազմավարական դաշնակցից, որից նրանք ճեպընթաց գնացքի արագությամբ հեռանում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աղաջանյանը:

Պաշտոնաթող դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 11-ը հուլիսի, 2024թ.

Փոխարենը, շուրջ 30 տարվա դիվանագիտական փորձառություն ունեցող դեսպանի համոզմամբ, երեկվա հանդիպումից միավորներ քաղեց Ադրբեջանը: Ձյունիկ Աղաջանյանի կարծիքով՝ վերադառնալով բանակցությունների վաշինգտոնյան հարթակ, որը Բաքուն բոյկոտում էր շուրջ մեկ տարի, Ադրբեջանը փորձում է դրա դիմաց ինդուլգենցիա ստանալ և անպատիժ մնալ մի շարք հարցերում:

«Դա կոչում եմ ինդուլգենցիա առաջիկա իր գործողությունների համար, որը կլինի թե՛ ընդդիմադիր դաշտի տապալումը Ադրբեջանում ընտրությունների ժամանակ, թե՛ մինչ այդ իրականացրած հանցագործությունների՝ կոնկրետ Հայաստանի, հայերի և Արցախի հանդեպ, և այսօր իսկ իրականացվող մշակութային ջարդի քաղաքականությունը, այսինքն՝ ցեղասպանության վերջին քայլի իրականացումը, որով էթնիկ բնակչության հետքերն են՝ պատմական և մշակութային հետքերն են ոչնչացվում, դրա իրականացման համար չդատապարտվելու առումով ինդուլգենցիա է ստացել և նա փորձում է դա ամրագրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աղաջանյանը:

Պաշտոնաթող դիվանագետները ներկա իրողությունները հաշվի առնելով հնարավոր չեն համարում մինչև նոյեմբեր՝ COP29-ի Բաքվում կայանալիք համաժողովը խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Այս իրավիճակում փաստաթուղթ ստորագրելը, որը խաղաղության մասին է, ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է այն համապատասխանի իրականությանը և գետնի վրա տիրող իրավիճակին», - նշեց Ադոնցը:

«Եթե ինչ-որ մի փաստաթուղթ էլ, որը այս պահի դրությամբ, դատելով նույն Ալիևի խոսքերից, գնում է զուտ ընդամենը սկզբունքներ նշելու, այսինքն՝ դատարկ թուղթ է իրականում լինելու՝ իրենից ոչինչ չներկայացնելով, եթե ինչ-որ մի թուղթ էլ ստորագրվի, ապա նրանք դա բերելու հասցնելու են հենց այդ COP29-ի ընթացքում, որպեսզի դրանից նաև քաղաքական լրացուցիչ դիվիդենտներ քաղեն և նաև նվաստացման գործընթաց իրականացնեն մեր պետության ղեկին նստած անձի հանդեպ, քանի որ նրանք պնդելու են, որ դա իրականացվի Բաքվում», - իր հերթին, ընդգծեց Աղաջանյանը:

Ձյունիկ Աղաջանյանը նաև բացառում է, թե ամերիկյան կողմը երեկ կայացած բանակցություններում կարող էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջից հրաժարվելու համար։

ՔՊ-ն կարևորում է գործընթացի շարունակականությունը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարևորում է վաշինգտոնյան եռակողմ հանդիպումը։ Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարևորում է գործընթացի շարունակականությունը, բայց կոնկրետ արդյունքների մասին ոչինչ չասաց։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան, արխիվ

«Երեկվա վաշինգտոնյան հանդիպումից պաշտոնական հաղորդագրություններից ավելին չեմ կարող ասել, նոր է տեղի ունեցել հանդիպումը։ Շատ կարևոր է, որ տեղի է ունեցել հանդիպում, որովհետև պրոցեսի շարունակականության ապահովումը առանցքային է այս գործընթացում», - «Ազատությանը» ասաց Խանդանյանը:

Միրզոյանն ու Բայրամովը Վաշինգտոնից առաջ երկկողմ ձևաչափով բանակցել էին մայիսին Ալմաթիում: Կողմերը բանակցությունների գրեթե երկու տարվա ընթացքում խաղաղության պայմանագրի նախագծի արդեն 10 տարբերակ են փոխանակել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը, այժմ աշխատում է դրանց ուղղությամբ. ԱԽ քարտուղարՄիրզոյան. Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել, առաջ գնալ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում