Ինչպես է Ռուսաստանը Ուկրաինայի գրավյալ շրջաններում երեխաներին պատրաստում սեփական երկրի դեմ պատերազմին

Ռուսաստանն օգտագործում է ռազմական երիտասարդական կազմակերպությունը՝ «Յունարմիա»-ն, Ուկրաինայի օկուպացված հատվածներում պատանիների հավատարմությունը խթանելու համար և նախապատրաստում նրանց կռվելու Մոսկվայի պատերազմում հայրենի երկրի դեմ։

Լայնածավալ ներխուժման պայմաններում «Յունարմիայի» զարգացման մասին են վկայում ռուսական օկուպացիոն իշխանությունների՝ նախկինում չհրապարակված փաստաթղթերը, որոնք ձեռք են բերվել ուկրաինական KibOrg հաքերային խմբի կողմից և տրամադրվել «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության Schemes («Սխեմաներ») հետաքննող բաժնին ու նրա լրատվական գործընկերներին։

«Յունարմիա»-ն կամ Երիտասարդական բանակը ստեղծվել է 2016 թվականին Ռուսաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նախաձեռնությամբ: Այն ասում է, որ 1,3 միլիոն անդամ ունի: Ութ տարեկանից սկսած երեխաները կարող են համալրել «Յունարմիա»-ի շարքերը՝ լրացնելով հարցաթերթիկը բջջային հավելվածում:

Կազմակերպությունը պնդում է, որ նպաստում է այսպես կոչված «Յունարմիա»-ի կադետների հոգևոր, բարոյական, սոցիալական և մտավոր զարգացմանը: Այն նաև ասում է, որ «դրական մոտիվացիա է ստեղծում սահմանադրական պարտքը կատարելու և երիտասարդներին պատրաստում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում ծառայության համար»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է «Յունարմիա»-ի անդամների հետ, 2019թ.

2017 թվականին «Յունարմիա»-ի կադետները զինվորների կողքին երթով անցան Մոսկվայում մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա զորահանդեսին, որն անցկացվում էր նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Այս տարի Ռուսաստանի կողմից օկուպացված Լուգանսկի շրջանի «Յունարմիա»-ի երեխաները Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում մասնակցել են ռազմական տոնակատարություններին։

Ռուսաստանը բացել է «Յունարմիա»-ի առաջին մասնաճյուղը Ուկրաինայի օկուպացված տարածքներում՝ Ղրիմում, կազմակերպության պաշտոնական ձևավորումից մի քանի ամիս անց։ 2016-ի սեպտեմբերին «Յունարմիա»-ն տարածվել էր Սև ծովում գտնվող թերակղզում, ըստ պատերազմի ժամանակ երեխաների իրավունքների խախտումների փաստագրմամբ և այլ գործունեությամբ զբաղվող ուկրաինական «Ալմենդա» քաղաքացիական կրթության կենտրոնի վերլուծաբան Օլեհ Օխրեդկոյի։

2014-ին Ռուսաստանն օկուպացրեց Ղրիմը և պատերազմ հրահրեց Արևելյան Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում՝ Դոնբասում:

«Յունարմիա»-ն «ստեղծվել է օկուպացված տարածքներից ոչ միայն ռուս, այլև ուկրաինացի երեխաների ռազմականացված վերակրթության հատուկ գաղափարով», - ասում է Մարդու իրավունքների տարածաշրջանային կենտրոնի իրավաբան Կատերինա Ռաշևսկայան, ով ռուսական օկուպացիայից հետո ստիպված է եղել տեղափոխվել Ղրիմից Կիև։

2022-ի հունվարին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից մեկ ամիս առաջ, «Յունարմիա»-ն, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, միայն Ղրիմում ուներ 29 հազար անդամ:

Ուկրաինական իրավապահները մեղադրել են օկուպացված Ղրիմի «Յունարմիա»-ի ղեկավարությանը Ժնևի կոնվենցիաներով երաշխավորված քաղաքացիական անձանց պաշտպանությունը խախտելու մեջ՝ վկայակոչելով մի հոդված, որն արգելում է «քարոզչությունը՝ ուղղված քաղաքացիական անձանց կամավոր զինվորագրվելու ապահովմանը»

Ղրիմի մարդու իրավունքների խմբի փորձագետ Իրինա Սեդովան պաշտպանում է պաշտոնական մեղադրական եզրակացությունը։

«Մենք այս կազմակերպության գործունեությունը համարում ենք միջազգային մարդասիրական իրավունքի խախտում, և այդ կազմակերպության ղեկավարները ռազմական հանցագործություն են կատարում Ղրիմի բնակիչների և մասնավորապես երեխաների ու դեռահասների նկատմամբ, ում նրանք զոմբիացնում են և փաստացի ակամա ներգրավում են «Յունարմիա»-ում», - «Ազատություն» ռադիոկայանի Crimea.Realities ծառայության հետ զրույցում 2022-ին ասել է Սեդովան։

«Յունարմիա»-ի անդամ երեխաները՝ զինված ինքնաձիգներով, 2019թ.

Ի պատասխան այս մեղադրանքների՝ «Յունարմիա»-ի Սևաստոպոլի մասնաճյուղի ղեկավար Վլադիմիր Կովալենկոն ասել է, որ Ուկրաինայի ներկայիս կառավարությունը ոչ լեգիտիմ է համարում, և հերքել է, թե ինքը որևէ հանցագործություն է կատարել։

Այդուհանդերձ, ներխուժումից ի վեր, օկուպացված շրջաններից «Յունարմիա»-ի որոշ նախկին անդամներ միացել են ռուսական բանակին և կռվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում:

Նրանց թվում է 23-ամյա Իլյա Զոզուլսկին, ով ծնունդով Ղրիմի Պոլտավկա գյուղից է և որպես հրետանավոր պարգևատրվել է Ժուկովի պատվավոր մեդալով, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ռուսական «Մաշ» առցանց լրատվամիջոցը 2023-ի հունվարին հայտնել էր, որ նա «Յունարմիա»-ից պատերազմում կռվող 50 «մենթորներից» մեկն էր։

Իլյա Զոզուլսկի

Զոզուլսկին չի արձագանքել Schemes-ի և նրա մեդիա գործընկերների զանգերին և հաղորդագրություններին:

Նոյեմբերի 19-ին Մեծ Բրիտանիան հայտարարեց «Յունարմիա»-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին՝ այն անվանելով «ռուսական կիսառազմական կազմակերպություն, որը կարևոր է Պուտինի՝ Ուկրաինայի երիտասարդ սերնդին բռնի տեղահանելու և վերակրթելու գործում»: Ըստ Մեծ Բրիտանիայի՝ այս կազմակերպությունը «ներգրավված է ուկրաինական մշակութային և ազգային ինքնությունը ջնջելու Ռուսաստանի համակարգված փորձի մեջ»:

Պատժամիջոցների մասին հայտարարությունը հնչել է այն լուրերի ֆոնին, որ ռուսական բանակն առաջին անգամ ժամկետային ծառայության համար զորակոչել է Ուկրաինայի օկուպացված շրջաններից երիտասարդներին:

Ինքը՝ «Յունարմիա»-ն, Դոնբասում սկսեց գործել միայն այն բանից հետո, երբ Պուտինը 2022-ի սեպտեմբերին անհիմն հայտարարեց, որ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանները Զապորոժիեի և Խերսոնի շրջանների հետ միասին Ռուսաստանի մաս են կազմում: 2019-ից ի վեր, սակայն, այնտեղ գործել է նմանատիպ խումբ, որը կոչվում էր «Մոլոդայա գվարդիա-Յունարմիա»:

2023 թվականին Դոնեցկի և Լուգանսկի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված հատվածներում բացվել են «Յունարմիա»-ի «տներ»՝ դպրոցական տարածքներ, որոնք հարմարեցվել էին հրազենի և սպորտային մարզումների համար: Ըստ KibOrg-ի տրամադրած փաստաթղթերի, «Յունարմիա»-ն անվճար օգտագործում է դպրոցական շենքերը, ընդ որում՝ այն ֆինանսական և այլ տեսակի աջակցություն է ստանում Ռուսաստանի դաշնային կառավարությունից և Մոսկվայում «Յունարմիա»-ի կենտրոնակայանից։

Դոնեցկի դպրոցականները համալրում են «Յունարմիա»-ի շարքերը

Schemes-ը KibOrg-ից ստացել է օկուպացված տարածքներում ապրող երեխաների մեկ տասնյակ դպրոցական գործերը: Թվարկված երեխաների մեծ մասը կա՛մ ընդգրկված է «Յունարմիա»-ում, կա՛մ մասնակցում է նրա գործունեությանը։

Որպես օրինակ է բերվում Դոնեցկի շրջանի Ռուսաստանի կողմից օկուպացված քաղաքներից մեկի 8-րդ դասարանցին, ում անունը չի նշվում՝ անչափահասի գաղտնիությունը պաշտպանելու համար: Ըստ իր հայրենի քաղաքի սոցիալական ցանցի էջի՝ նա մասնակցել է «Գվարդեեց-2024» կոչվող ուսումնամարզական հավաքին և ԱԿ-74 ինքնաձիգը քանդել-հավաքելու համար բրոնզե մեդալ է նվաճել:

Մասնակիցները «վարժվել են հրաձգությամբ և ստացել հիմնական ռազմական պատրաստություն, ուսումնասիրել ժամանակակից մարտավարությունն ու պատերազմ վարելու մեթոդները», - ասվում է գրառման մեջ։ Նաև նշվում է, որ Ռուսաստանից ու Դոնեցկի և Զապորոժիեի շրջաններից «ավելի քան 300 դպրոցականներ» «հավատարմության երդում են տվել «Յունարմիա»-ին։

Պատերազմում կռվում են «Մոլոդայա գվարդիա-Յունարմիա»-ի նախկին անդամները Դոնեցկի շրջանի օկուպացված հատվածից։

Ստանիսլավ Սիկորսկի

Հորլիվկա քաղաքից Ստանիսլավ Սիկորսկին, ով միջնակարգ դպրոցն ավարտել է 2018-ին, եղել է և՛ «Յունարմիա»-ի, և՛ «Մոլոդայա գվարդիա-Յունարմիա»-ի անդամ, ըստ Vkontakte սոցիալական ցանցում իր էջի։ Ռուսաստանի Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո նա «ռուս զինվորականների շարքերում էր» և կռվում էր Խերսոնի շրջանի մարտերում, ասված է այնտեղ։

Սիկորսկին զորացրվել է 2023 թվականին։ Նա չի պատասխանել Schemes-ի մեդիա գործընկերների հաղորդագրություններին և զանգերին։

Հաննա Լիսովենկոն, ով նույնպես Դոնեցկի շրջանից է, միացել է «Մոլոդայա գվարդիա-Յունարմի»-ական ստորաբաժանմանը, որը կոչվում է «Սպարտացիներ», 2017-ին, երբ 17 տարեկան էր: Սոցիալական ցանցերում նրա գրառումները ցույց են տալիս, որ Լիսովենկոն այժմ կռվում է Ուկրաինայի դեմ որպես դրոնավար՝ ռուսական բանակի հետախուզության մարտավարական խմբի կազմում, որում հիմնականում Դոնեցկի շրջանի՝ 2014-ից պատերազմում ներգրավված զինյալներ են։

Հաննա Լիսովենկո

«Ես ինքս եղել եմ «Յունարմիա»-ում, հիմա ծառայում եմ բանակում։ Իմ հետ սովորողների մոտ կեսն ընտրել է ռազմական ուղին։ Ցավոք, նրանցից շատերն արդեն զոհվել են։ Ոմանք ծանր վիրավորվել են և չեն կարող շարունակել իրենց ծառայությունը», - ասել է Լիսովենկոն Schemes-ի մեդիա գործընկերներին: «Սա է մեր տարածաշրջանի իրականությունը», - հավելել է նա։

Լիսովենկոն ասել է, որ «զենքի հետ վարվելու հմտությունները, ֆիզիկական պատրաստվածության և պատմության դասերից գիտելիքը», որ ձեռք է բերել «Մոլոդայա գվարդիա-Յունարմիա»-ում, օգտակար է եղել Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի ժամանակ:

Զոզուլսկին, Սիկորսկին և Լիսովենկոն Ուկրաինայի այն հատվածներից են, որոնք արդեն մեկ տասնամյակ են վերահսկվում Ռուսաստանի կողմից: Բայց «Յունարմիա»-ն գործում է նաև այն տարածքներում, որոնք ռուսական ուժերը գրավել են 2022-ին լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո:

Անցած ամռանը Մարիուպոլի նորաբաց մասնաճյուղը յոթ հերթափոխ է անցկացրել Ազովի ծովի ճամբարում: Ի թիվս այլ բաների, երեխաներին սովորեցրել են ինքնաձիգից կրակել։

Ճամբարի կազմակերպիչներից էր Մարիուպոլի օկուպացիոն վարչակազմի ընտանիքի և երեխաների հարցերով բաժնի ղեկավար Վալերի Օնացկին։ 2023 թվականին Schemes-ի հետաքննությունը պարզել է, որ Օնացկին ներգրավված է եղել օկուպացված տարածքներից ուկրաինացի երեխաների Ռուսաստան տեղափոխման մեջ՝ գործողություն, որը դրդել է Միջազգային քրեական դատարանին ռազմական հանցագործությունների կասկածանքով Պուտինին ձերբակալելու հրաման արձակել:

Վալերի Օնացկի

Օկուպացիոն իշխանությունները 2022-ի նոյեմբերին հայտարարեցին, որ «Յունարմիա»-ի մասնաճյուղեր են ստեղծվել նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող հատվածներում։

Զապորոժիեի շրջանի «Յունարմիա»-ի ղեկավարը ռուսաստանցի Ֆիդայիլ Բիկբուլատովն է, ում ուկրաինական հետախուզությունը մեղադրել է ուկրաինացի երեխաների զանգվածային առևանգման, ապօրինի արտաքսման և բռնի ուժով Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստան տեղափոխելու մեջ:

Schemes-ի մեդիա գործընկերներին տրված մեկնաբանությունում Բիկբուլատովն ասել է, թե «Յունարմիա»-ն ակնկալում է, որ «իր անդամներն ապագայում իրենց կյանքը կկապեն զինվորական ծառայության հետ»:

«Մենք նրանց մեջ ներուժ ենք տեսնում, ակնկալում ենք, որ նրանք կդառնան զինվորականներ», - ասել է նա։ - «Մենք նրանց վարժեցնում ենք, աշխատում ենք նրանց հետ և ցանկանում ենք, որ նրանք դառնան զինվորականներ։ Պաշտպանության նախարարությունը նույնիսկ արտոնություններ է տրամադրում «Յունարմիա»-ի նախկին անդամներին, երբ նրանք միանում են, բայց այս ամենն արվում է կամավոր»:

Կան վկայություններ, ըստ որոնց՝ «Յունարմիա»-ի ղեկավարությունը գնահատում է իր մասնաճյուղերի աշխատանքը, առնվազն՝ մասամբ, ըստ նախկին անդամների թվի, ովքեր ռուսական բանակում ծառայության են անցել։ Հոկտեմբերին «Յունարմիա»-ի փոխղեկավար Վիկտոր Կաուրովը նամակներ է ուղարկել տարածաշրջանային մասնաճյուղերին պարտադիր ամենամյա «ստուգատեսի» վերաբերյալ, որում ասվում է, որ գնահատումը կներառի երկու պարամետր՝ «զինվորական ծառայության կանչված և ռազմական համալսարան ընդունված «Յունարմիա»-ի կադետների թիվը» և ««Յունարմիա»-ի կադետների թիվը, ովքեր ռազմական ուսումնական կենտրոններ են ընդունվել»:

Մոսկվայում գտնվող «Յունարմիա»-ի կենտրոնակայանը չի պատասխանել Schemes-ի մեկնաբանություններ հայցող հարցումներին:

Հետաքննության հեղինակներն են Դենիս Գլուշկոն, Անաստասիա Գորպինչենկոն, Մաքսիմ Դուդչենկոն, Օլեգ Կոտյուժանսկին, Վլադիսլավ Կոբկոն, Սոֆյա Կորոտունենկոն, Ստանիսլավ Օրոշկևիչը, Մաքսիմ Սավչուկը, Վիկտորիա Շատիլոն և Աննա Շպուրիկը: