Ինչպե՞ս ԱՄՆ ընտրությունները կազդեն Իրանի հարցում Վաշինգտոնի քաղաքականության վրա

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները կարող են ազդել աշխարհում փոթորկվող մի շարք հակամարտությունների ու երկրների, այդ թվում՝ Իրանի վրա, որի հետ Նահանգները դիվանագիտական հարաբերություններ չունի արդեն մի քանի տասնամյակ։ Ի՞նչ կփոխվի Թրամփի կամ Հարիսի ընտրության դեպքում։

Դեմոկրատների թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսն, ամենայն հավանականությամբ, կշարունակի նախագահ Ջո Բայդենի՝ դիվանագիտության վրա հիմնված քաղաքականությունը: Հանրապետականների թեկնածուն՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, մինչդեռ, կարող է շարունակել «առավելագույն ճնշման» իր քաղաքականությունը՝ ավելի կոշտ քայլեր ձեռնարկելով Թեհրանի նկատմամբ, ենթադրում են փորձագետները:

Հարիսի հաշվարկված կոշտությունը

Վերջերս Իրանի մասին խոսելիս Հարիսը ցուցադրաբար հոնքերն էր բարձրացրել՝ պնդելով, թե Թեհրանը Վաշինգտոնի «ամենամեծ հակառակորդն» է Ռուսաստանից և Չինաստանից հետո:

Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի Իրանական ծրագրի տնօրեն Ալեքս Վաթանկայի կարծիքով, դեմոկրատ թեկնածուի այդ հայտարարությունը չարժե հալած յուղի տեղ ընդունել։ «Հարիսն ասել է «այն, ինչ պետք է ասեր»՝ հանուն ԱՄՆ ներքին քաղաքականության, նաև փարատելու իսրայելամետ լոբբիի մտահոգությունները», - ասում է նա։

Հարիսի նախընտրական շտաբը ցանկանում է «Իրանի պես հարցերում նրան դիրքավորել Թրամփից աջ», նկատում է ԱՄՆ-ում գործող Eurasia Group-ի ավագ վերլուծաբան Գրեգորի Բրյուն: «Հարիսն, ամենայն հավանականությամբ, կշարունակի Բայդենի մոտեցումը՝ հավատարիմ մնալով դիվանագիտությանը, կգործի զգույշ, կխուսափի մեծ զիջումներից՝ ներքաղաքական արձագանք չհրահրելու համար», - ասում է Բրյուն:

Փորձագետները, միաժամանակ, չեն բացառում, որ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը՝ Իսրայելի պատերազմը Գազայի հատվածում և Լիբանանում՝ իրանամետ խմբավորումների դեմ, կարող է ի վերջո ստիպել Հարիսին Թեհրանի հարցում ավելի ագրեսիվ քաղաքականություն որդեգրել։

Ի՞նչ կնախընտրի Թրամփը՝ երկխոսությո՞ւն, թե՞ օտարում

Դոնալդ Թրամփը նախորդ պաշտոնավարման ընթացքում միակողմանիորեն դուրս բերեց Միացյալ Նահանգները Թեհրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով Իրանի նկատմամբ ցավոտ պատժամիջոցները: Ինչպիսին կլինի հանրապետական առաջնորդի քաղաքականությունը Իրանի հարցում երկրորդ պաշտոնավարման ընթացքում՝ հստակ չէ։ Փորձագետները դժվարանում են կանխատեսել՝ Թրամփի անկանխատեսելիության պատճառով:

Քարոզարշավի ընթացքում Թրամփն առանց փաստեր վկայակոչելու ենթադրություններ էր հնչեցրել, թե Իրանը մասնակցել է իր դեմ մահափորձերին, սպառնալով «ոչնչացնել այդ երկիրը»:

Միաժամանակ, Թրամփն ակնկարկել էր, որ բաց է Իրանի հետ բանակցությունների համար, այդ թվում՝ միջուկային համաձայնագրի շուրջ:

«Թրամփի նախագահության օրոք, սակայն, Թեհրանի հետ դիվանագիտական լուծումներ գտնելու հարցում հնարավորությունները սահմանափակ են», - կարծում է Eurasia Group-ի ավագ վերլուծաբան Գրեգորի Բրյուն:

Փոխարենը, ըստ փորձագետի, հանրապետականների շրջանում առավել շատ են մարդիկ, որոնք «մեծ պատրաստակամությամբ կարող են հանդուրժել Իրանի դեմ ռազմական գործողությունները»՝ հատկապես Իսրայելի դեմ Թեհրանի վերջին հարձակումներից հետ։ Բայց, ըստ վերլուծաբանի, Վաշինգտոնը դժվար թե ուղղակիորեն ներքաշվի Իրանի դեմ պատերազմում։

«Դժվար է պատկերացնել, որ Ամերիկայի պատմության այս պահին որևէ նախագահ կծրագրի մեծ պատերազմ», - նշում է Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի Իրանական ծրագրի տնօրեն Ալեքս Վաթանկան։

Փորձագետի դիտարկմամբ՝ Թեհրանում հիմա կարող են ավելի բաց լինել Թրամփի հետ երկխոսության համար, «ավելի հեշտ գործ ունենալ» նախկին նախագահի հետ և հրապուրել նրան՝ «շոյելով վերջինիս էգոն»։

Վաշինգտոնում գործող փորձագետը վստահ է՝ Հարիսի հաղթանակի դեպքում նրա քաղաքականությունն Իրանի հարցում հիմնված կլինի «ամերիկյան ընդհանուր, կոնսենսուսային մոտեցման վրա», Թրամփի վերադարձի դեպքում, մինչդեռ, «քայլերը կախված կլինեն բացառապես այդ անձից»։