ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքը կարող է ավելի շատ ազդել Ուկրաինայի, քան ցանկացած այլ երկրի վրա։
Թեկնածուները երկու իրարից միանգամայն տարբեր դիրքորոշումներ են արտահայտել Ուկրաինային աջակցելու վերաբերյալ, որի պաշտպանությունը ռուսական զորքերի ներխուժումից մեծապես կախված է ԱՄՆ ռազմական, ֆինանսական և դիվանագիտական աջակցությունից:
Հարիսը հայտարարել է, որ մտադիր է շարունակել Բայդենի վարչակազմի քաղաքականությունը և օգնել Կիևին այնքան, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Ռուսաստանին։
Դոնալդ Թրամփը պարբերաբար քննադատում է Ուկրաինային հատկացված աջակցության չափն ու ձևը։ Նրա կարծիքով՝ Եվրամիությո՛ւնը պետք է ստանձնի Կիևին օգնելու առաջնային պատասխանատվությունը։ Նա կասկածի տակ է դնում Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և հրաժարվում պատասխանել հարցին՝ արդյո՞ք ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի։
Փոխարենը, հանրապետական թեկնածուն հաճախ կրկնում է, որ նախագահ ընտրվելու դեպքում արագորեն կավարտի արդեն երկու տարուց ավելի շարունակվող պատերազմը։
Կրեմլի սկսած պատերազմի մեկնարկից ի վեր՝ Ջո Բայդենի նախագահության ընթացքում, Միացյալ Նահանգներն Ուկրաինային ավելի քան 56 միլիարդ դոլար է հատկացրել միայն անվտանգության ոլորտում։ Տասնյակ միլիարդավոր դոլարներ էլ տրամադրվել են որպես ֆինանսական կամ մարդասիրական օգնություն։
Հարիսը կամ Թրամփը. ի՞նչ է դա նշանակելու Ուկրաինայի համար, «Ազատության» անդրադարձը՝ այստեղ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ (թարմացված)