Ինչպե՞ս Իսրայել-Իրան լայնամասշտաբ պատերազմը կազդի համաշխարհային տնտեսության վրա․ ամենամեծ տուժողը Չինաստանն է լինելու

Լիբանան, 8-ը հոկտեմբերի, 2024թ․

Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմի հեռանկարն օր օրի մեծանում է․ իրավիճակը սրվեց հոկտեմբերի սկզբից, երբ Իրանը հրթիռներով զանգվածային հարձակում գործեց Իսրայելի վրա:

Իսրայելը սպառնացել է պատասխան քայլերով՝ խորացնելով մտահոգությունները, թե էներգակիրներով հարուստ տարածաշրջանից նավթի և գազի մատակարարման ուղիները կարող են խափանվել։ Հստակ է, որ Իրանի վերջին հարձակումից հետո, որը տեղի ունեցավ Գազայի հատվածում Իսրայելի մեկամյա պատերազմի և այս ամսվա սկզբին հարավային Լիբանան Իսրայելի ներխուժման ֆոնին, նավթի համաշխարհային գներն արդեն աճել են 9 տոկոսով:

Փորձագետներն զգուշացնում են, որ Իսրայելի և Իրանի միջև լայնամասշտաբ հակամարտությունը կարող է խաթարել էներգակիրների միջազգային մատակարարումը:

«Տարածաշրջանից նավթի և գազի արտահանման խափանումը, հավանաբար, էական ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա», - «Ազատությանն» ասել է Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆարզան Սաբեթը:

«Ագրեսիայի ակտ»

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկիրը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային կամ նավթագազային օբյեկտներին։

Իրանի արձակած բալիստիկ հրթիռի մնացորդը Իսրայելի հարավային Արադ քաղաքի մերձակայքում, 2-ը հոկտեմբերի, 2024թ․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ Իրանի նավթային օբյեկտներին հարվածելուց, որը նավթի աշխարհի խոշորագույն արդյունահանող երկրներից մեկն է:

Իրանը զգուշացրել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման «կտա էլ ավելի ուժեղ պատասխան»:

Եթե Իսրայելը խոշոր հարձակում իրականացնի Իրանի նավթագազային օբյեկտների վրա, ապա Սաբեթի խոսքով՝ Թեհրանը կարող է իր հերթին ճնշում գործադրել «Հորմուզի նեղուցի նման կարևոր տարանցիկ անցակետերի վրա»:

Իրանը տարիներ շարունակ սպառնացել է արգելափակել այդ ռազմավարական նեղուցը, որով հոսում է նավթի համաշխարհային մատակարարումների 1/5-րդը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտ գրավել է «իսրայելական» նավը. Իրանի ԶԼՄ-ներ

«Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար»,- «Ազատության»-ն ասել է Լոնդոնի Chatham House վերլուծական կենտրոնի էներգետիկ քաղաքականության և աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ Նիլ Քուիլիամը:

Կատարը, որը բնական գազի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է, նույնպես օգտվում է Հորմուզի նեղուցից՝ էներգակիրների արտահանման համար։

Նաև մտավախություն կա, որ եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, Թեհրանը կարող է հարվածել հարևան երկրներում գտնվող նավթային օբյեկտներին:

Իրաքը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Իրանը նավթ արդյունահանող աշխարհի առաջատար երկրներից են:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անցած շաբաթ Կատար կատարած այցի ընթացքում հանդիպել է Պարսից ծոցի արաբական երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հաղորդվում է, որ նրանք փորձել են հավաստիացնել Իրանին, թե չեզոք դիրքորոշում ունեն Թեհրանի և Իսրայելի միջև հակամարտության հարցում։

Իրանի նախագահը Կատարում, 2-ը հոկտեմբերի, 2024թ․

Սաբեթն ասում է, որ Իրանի ցանկացած պատասխան իսրայելական հնարավոր հարձակմանը, որը կազդի էներգակիրների համաշխարհային գների կամ առևտրի վրա, «կդիտարկվի որպես ագրեսիայի ակտ և կհանգեցնի Իրանի վրա հետագա ճնշումների»:

Քուիլիամի խոսքով՝ Իսրայելը, հավանաբար, կհարվածի թիրախներին, որոնք կազդեն ոչ թե նավթի համաշխարհային շուկաների վրա, այլ «կվնասեն Իրանի ռեժիմին և կազդեն երկրի տնտեսության վրա»:


«Արևմուքում կզգան գնաճը»

Վերջին տասնամյակների ընթացքում՝ 1973-ին արաբական նավթի էմբարգոյից և 1979-ին Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո, էներգակիրների գների մեծ աճ է գրանցվել:

Այդ իրադարձությունների հետևանքով որոշ երկրներում վառելիքի մեծ պակասորդ առաջացավ և վարորդների անվերջ հերթեր։

Այդուամենայնիվ, անգամ Մերձավոր Արևելքից նավթի և գազի մատակարարման լուրջ խափանման դեպքում փորձագետները չեն կարծում, որ համաշխարհային տնտեսությունը դուրս կգա վերահսկողությունից, քանի որ ԱՄՆ-ն արդեն հանդես է գալիս որպես նավթի և գազի խոշոր մատակարար։ Բացի դրանից, նվազել է համաշխարհային կախվածությունը հանածո վառելիքից։

«Արևմուքում սպառողները կզգան գնաճը լցակայանում», - ասում է Սաբեթը․ - «[Սակայն] դա շատ ավելի քիչ կլինի, քան կարող էր լինել նախորդ դարաշրջանում»:

Նա օրինակ է բերում՝ Եմենում Իրանի աջակցությունը ստացող հութի ապստամբների կողմից Կարմիր ծովում առևտրային բեռնափոխադրումների խափանման մասին կրկնվող զգուշացումները չեն հանգեցրել Արևմուտքում սպառողական գների զգալի աճի:

Սակայն, Սաբեթն ասում է, որ Մերձավոր Արևելքից նավթի և գազի մատակարարման լուրջ խափանումը «չափազանց մեծ ազդեցություն» կունենա Չինաստանի տնտեսության վրա:

Պեկինն Իրանից օրական մոտ 1,5 միլիոն բարել նավթ է ներմուծում, ինչը կազմում է տարածաշրջանից այս երկրի ներկրած նավթի 15 տոկոսը։

Սաբեթի խոսքով՝ Չինաստանի համար էներգիայի գնաճն «աստիճանաբար կազդի մատակարարման շղթայի վրա այդ երկրի արտադրած այն ապրանքների միջոցով, որոնք արտահանում է ԱՄՆ, Եվրոպա և այլ երկրներ» և կարող է հանգեցնել «սպառողների համար ավելի մեծ գնաճի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համաս»-ի հարձակումից մեկ տարի անց. իրավիճակը Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ