Հայաստանի երրորդ քաղաք Վանաձորն արդեն 1 ամիս է՝ ապրում է առանց գլխավոր ճարտարապետի: 7 տարի պաշտոնավարած Սուրեն Աբովյանը կալանքի տակ է կաշառք վերցնելու գործով, որը դեռ նախաքննության փուլում է, շատ բան հայտնի չէ:
Սուրեն Աբովյանի անունը ոչ միայն որպես գլխավոր ճարտարապետ է կապվում Վանաձորում ընթացող շատ շինաշխատանքների հետ: Վերջին տարիներին Վանաձորում համայնքի ու պետության միջոցներով կատարված գրեթե բոլոր շինարարական նախագծերն իրականացրել է «Շինէքսպրտ» ընկերությունը, որը 2010-ին հիմնադրել է հենց ինքը՝ քաղաքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։ Համայնքապետարանը շինարարության այդ նախագծերը «Շինէքսպրտ»-ին պատվիրել է մեծամասամբ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընկերությունը 2020-ին ընդամենը 950 հազար դրամի պատվեր է ստացել Վանաձորի քաղաքապետարանից, 2021-ին արդեն՝ 12 միլիոնի, 2022-ին՝ 9,4 միլիոնի։
Ընկերության համագործակցությունը համայնքապետարանի հետ է՛լ ավելի է խորացել անցած տարի, «Շինէքսպրտ»-ին նախորդ տարվա համեմատ երեք անգամ ավելի շատ պատվեր է տրվել՝ համայնքային բյուջեից վճարելով ընդհանուր մոտ 33 միլիոն դրամ, ևս 5,5 միլիոն էլ՝ կառավարությունից։
Ինչո՞վ է «Շինէքսպրտ»-ը գրավել Վանաձորի համայնքապետարանի վստահությունը. ինչո՞ւ են տարիներ շարունակ քաղաքում կառուցվող մանկապարտեզների, պուրակների, մշակույթի պալատների ու մարզադպրոցների, ամրացվող տանիքների և այլ պետական ու համայնքային ծրագրերի նախագծերը հենց այդ ընկերությանը վստահել, և որքանով է այդ որոշումների կայացման վրա ազդել ընկերության հիմնադիր, Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ քաղաքապետարանից չեն հստակեցնում, հղում են անում պետական գնումների մասին հասանելի տեղեկություններին։
Բաց տեղադրված արձանագրություններից տեսնում ենք, որ մրցութային հանձնաժողովի կազմերում շատ հաճախ միայն ճարտարապետի անմիջական ենթականերն են։ Օրինակ, նրա տեղակալ Արմեն Ալավերդյանը, բաժնի գլխավոր մասնագետ Միհրան Պառավյանը, Նաիրա Հովակիմյանը, առաջատար մասնագետներ Նոնա Եղիազարյանն ու Լիլիթ Միքայելյանը:
Փաստացի, թղթերով ամեն ինչ կարգին է. Վանաձորի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց՝ 2017-ին, Աբովյանը դուրս է եկել «Շինէքսպրտ» ընկերության կառավարումից, 100 տոկոս բաժնեմասը փոխանցվել է, ըստ մեր տեղեկությունների, ընկերության աշխատակիցներին:
Աբովյանի կապն իր ընկերության հետ սրանով չի ավարտվել: Այս մասին ուշագրավ փաստեր կան ընկերության ֆեյսբուքյան էջում: 2021-ին բացված էջում տեղադրված նախագծերի գերակշիռ մասում որպես ճարտարապետ հենց Սուրեն Աբովյանի անունն է նշված:
Ըստ օրենքի, որպես համայնքային ծառայող, Աբովյանն իրավունք չուներ կատարել այլ վճարովի աշխատանք, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի: Մինչդեռ, օրինակ, մանկապարտեզի այս գունագեղ նախագիծը, որի հեղինակը ինքը՝ Սուրեն Աբովյանն է, նրա ենթակա հանձնաժողովականների որոշմամբ, տրվել է հենց «Շինէքսպրտ» ՍՊԸ-ին:
Հիմա էլ Աբովյանի հիմնադրած ընկերությունը, քաղաքապետարանի պատվերով իրականացնում է նաև մանկապարտեզի շինարարութան հեղինակային հսկողությունը, համայնքապետարանի բաժինն էլ՝ հետևում է շինարարության ամբողջ ընթացքին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորում շինարարական խոշոր ծրագրերը թղթի վրա են մնացել, նորոգվող ճանապարհները՝ կիսատ
Հարցին՝ կոռուպցիոն ռիսկեր չե՞ն տեսնում՝ համայնքապետարանից սրան էլ չեն արձագանքել։ «Շինէքսպրտ»-ից ևս հրաժարվեցին մեկնաբանել։
Միայն գնումների փաստաթղթերում մրցութային հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են, որ հաղթող ճանաչված ընկերության հիմնադիրների ու բաժնետերերի հետ մերձավոր ազգական չեն, խնամիական կապեր չունեն, հետևաբար շահերի բախում էլ չկա։
«Իհարկե նախագիծն ով է իրականացնում, ես տեղյակ չեմ և նորմալ է, որ տեղյակ չլինեմ», - «Ազատության»-ն ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա ասաց՝ հարյուրավոր ծրագրերի դեպքում դժվար է հետևել համայնքային գնումների բոլոր գործարքներին, եթե խախտումներ կան, իրավապահների գործն է։
«Ձեզ թվում է մնացել էր ես գնայի նախագծող ընկերությունների անուններով զբաղվեի: Բոլոր հանձնաժողովների, բոլոր մրցույթների, բոլոր ընկերությունների համար կան գրված կանոններ, նորմեր, որոշումներ: Հիմա եթե այդ որոշումերով են շարժվել մարդիկ, նորմալ է, եթե որոշումները խախտել են, նորմալ չի, էդ դեպքում այլ դաշտ է, իրավական տիրույթում գտնվող հարց է», - ասաց Սանոսյանը:
Նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն, ում օրոք սկսել է պաշտոնավարել Սուրեն Աբովյանը, երկուսուկես տարի կալանավորված էր փաստաթղթեր կեղծելու և համայնքի հողերն ապօրինի վաճառելու մեղադրանքով։ Գլխավոր ճարտարապետը Ասլանյանին աջակցելու համար ամբաստանյալ է այս գործով։ Ներկա քաղաքապետ Արկադի Փելեշյանը, ում օրոք ևս շարունակվել են պայմանագրեր կնքվել, որևէ գործով չի անցնում: Ի վերջո, պարզ չէ նաև, թե տարիներ ձգված այս գործարքներն արդյոք պատշաճ ստուգվել են իրավապահների կամ ճարտարապետի վերադասների կողմից: Առայժմ այս հարցով հստակ պատասխան չունեն նաև Հակակոռուպցիոն կոմիտեից։
Աբովյանը մեկ ամիս է՝ կալանքի տակ է մեկ այլ՝ կաշառքի գործով։ Նրա փաստաբանը հրաժարվեց մեկնաբանել, միայն ասաց, որ կալանավորված Աբովյանը մեղադրանքը չի ընդունում:
Your browser doesn’t support HTML5