Ինչո՞ւ է Երևանի օդի աղտոտվածությունը հատում կարմիր գիծը

Գևորգ Բալյանն արդեն 3 տարի է`տարբեր սարքերով չափում է Երևանի օդի աղտոտվածությունը: Երեք տարի առաջ բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին արդեն 3-րդ փուլում գտնվող հաստաղիքի քաղցկեղ: Վիրահատվելուց հետո Գևորգ Բալյանն արտերկրում անալիզներ է հանձնել ու գոտեպնդվել՝ հիվանդությունը ժառանգաբար փոխանցվող տեսակից չէ: Բայց, Գևորգի բժշկական էպիկրիզում կլինիկան չի բացառել, որ նրա առողջության վատթարացման վրա ազդել է նաև շրջակա միջավայրը։

«Նկատե՞լ եք`բոլորը գլխապտույտ ունեն Երևանում», - ասում է նա։

Գևորգն օդի աղտոտվածությունը չափող ու օդը մաքրող թանկարժեք սարքեր է տեղադրել իր տանն ու պատշգամբում, օրական թարմացվող տվյալները նաև սոցցանցում է հրապարակում։ Վերջին շաբաթներին այդ տվյալները բավականին մտահոգիչ են, օդում փոշու մանր մասնիկները գերազանցել են թույլատրելի չափը։

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ապրող Գևորգ Սինդոյանին վերջին շրջանում օդի աղտոտվածության մասին տարբեր հարթակներից ստացվող լուրերը նրան էլ են ստիպել, որ թանկարժեք ֆիլտրող սարքից գնի, ասում է՝ պատշգամբի դուռը բացելուց հետո մաքուր օդը կանաչով ցույց տվող նշանը մի քանի րոպեից կարմրում է, այսինքն՝ ըստ սարքի՝ դրսից կեղտոտ օդ է ներս մտնում։

Հայաստանում մթնոլորտն ուսումնասիրող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից բացի, նախորդ տարվանից օդի աղտոտվածությունը չափում է նաև Երևանի քաղաքապետարանը: Բայց, այս երկուսի տվյալները հաճախ չեն համընկնում: Թե ինչո՞ւ է այդպես, «Ազատություն»-ը չկարողացավ պարզել, որովհետև ՊՈԱԿ-ի վերադաս մարմինը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, 2 օր շարունակ հրաժարվեց հարցազրույց տալ։

Չհաջողվեց նաև պարզել, թե Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, որ ողջ երկրում է մթնոլորտի աղտոտվածութունը չափում, քանի դիտակետ ունի, ինչու օրվա ցուցանիշները նույն օրը չի հրապարակում, այլ մի քանի օրից, երբ են թարմացվել սարքերը և այլն: Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը եզրափակվեց գրավոր կարճ տեքստով՝ անպատասխան թողնելով նաև հարցերը, թե ինչ է անում առհասարակ այս ուղղությամբ հենց նախարարությունը։

«Մթնոլորտային օդի վիճակը Երևանի քաղաքապետարանն ու ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության կենտրոն ՊՈԱԿ-ը չափում են տարբեր սարքերով և տարբեր մեթոդաբանությամբ, իսկ քաղաքացիները չափում են այդ հավելվածի միջոցով, այժմ նախարարությունում այդ մեթոդների միջոցով ստացված տեղեկատվության համադրումն է իրականացվում», - նշել է նա։

Իսկ որ Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները հիմնականում գերազանցում են սահմանված չափանիշները, փաստում է նաև քաղաքապետարանի օնլայն քարտեզը:

Օդի աղտոտվածությունը չափող 151 սարք է տեղադրված քաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացող բարձրահարկ բնակելիների շինհրապարակներում:

Դրանք ցույց են տալիս նաև օդում առկա փոշու մանր հատիկները: Եթե խոշոր հատիկները մարդը հիմնականում կարողանում է հազի ու փռշտոցի միջոցով դուրս բերել, ապա ըստ ԱՀԿ-ի՝ մանրահատիկ փոշին ամենավտանգավորն է, որովհետև այն կարող է շնչուղիներով հասնել մինչև մինչև արյուն ու թոքեր: Ըստ այդ քարտեզի՝ այսօր օդը մաքուր է ընդամենը 4 կետերում, մնացած բոլոր հատվածներում գերակշռում են նարնջագույն, դեղին, կարմիր կետերը, սա նշանակում է, որ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ ցանկալի է՝ այդ հատվածներում 30 րոպեից շատ լինելու դեպքում դիմակ կրեն։

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.