Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը տևական ժամանակ ահազանգում է, որ իր ոխերիմ թշնամի Հյուսիսային Կորեան պատրաստվում է ռազմական անձնակազմ, այդ թվում՝ զինվորական օդաչուներ ուղարկել Ռուսաստան։ Սեուլի հաշվարկներով՝ խոսքը մինչև 12 հազար զինծառայողի մասին է, որոնց նախատեսվում է ուղարկել մինչև այս տարեվերջ:
Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո երկկողմ ռազմական համագործակցությունն ամրապնդած Մոսկվան ու Փհենյանը կտրականապես հերքում էին այդ պնդումները՝ դրանք որակելով «կեղծ լուրեր», հայտարարելով նաև, որ ռուս-հյուսիսկորեական ռազմական համագործակցությունը համապատասխանում է միջազգային իրավունքին:
Ֆեյք լուրեր չէին
Շրջանառվող տեղեկություններն ըստ էության հաստատվեցին հոկտեմբերի 28-ին, երբ ՆԱՏՕ-ն պաշտոնապես հայտարարեց, որ հյուսիսկորեական զորքը Ռուսաստանի Կուրսկի մարզում է։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Մարկ Ռյուտեն այդ զարգացումը գնահատեց որպես «էական սրացում», սպառնալիք գլոբալ անվտանգությանը և միջազգային իրավունքի խախտում:
Your browser doesn’t support HTML5
Ռյուտեն նաև հայտարարեց, որ նման զարգացումը վկայում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «հուսահատության» մասին, որն Ուկրաինայի դեմ պատերազմում արդեն ավելի քան 600 հազար զինվոր է կորցրել։
«Ավելի քան 600 հազար զինվոր սպանվել կամ վիրավորվել են Պուտինի պատերազմում, և նա առանց օտարերկրյա աջակցության ի վիճակի չէ շարունակելու իր հարձակումն Ուկրաինայի դեմ», - ասաց ՆԱՏՕ-ի ղեկավարը
Դիվանագիտական ակտիվություն
ՆԱՏՕ-ի հայտարարությունը լայն արձագանք գտավ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ մոտ 10 հազար հյուսիսկորեացի զինվորականներ արդեն ուղարկվել են Ռուսաստան և ամենայն հավանականությամբ առաջիկա մի քանի շաբաթներին կմիանան Ուկրաինայի դեմ պատերազմին։
Զորքի մի մասը, ինչպես հոկտեմբերի 28-ին հայտարարեց Պենտագոնը, ուղևորվել է Կուրսկի մարզ, որտեղ ռուսական զորքը փորձում է դուրս մղել հազարավոր ուկրաինացի զինվորականներին, որոնք օկուպացրել են ռուսական տարածքը օգոստոսի անսպասելի ներխուժման ընթացքում:
«Մենք է՛լ ավելի ենք մտահոգված, որ Ռուսաստանը մտադիր է օգտագործել այդ զինվորներին ուկրաինական ուժերի դեմ ռազմական գործողություններում», - հայտարարեց ԱՄՆ ռազմական գերատեսչությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով անցած շաբաթ նախազգուշացրել էր հյուսիսկորեացի զինվորականների ռազմաճակատ ուղարկելու մասին, հոկտեմբերի 29-ին հեռախոսազրույց ունեցավ հարավկորեացի պաշտոնակցի հետ:
«Քննարկեցինք Հյուսիսային Կորեայի զինված ուժերի ներգրավվածությունը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը։ Եզրակացությունը պարզ է՝ պատերազմը, դուրս գալով երկու երկրների սահմաններից, միջազգայնացվում է», - X-ի իր էջում գրեց Զելենսկին։
Մինչ այդ, Կրեմլում պատրաստվում էին դիմավորել Մոսկվա ժամանող Հյուսիսային Կորեայի արտգործնախարարին։ Ռուսաստանյան լրատվական գործակալությունները հայտնեցին, որ հյուսիսկորեացի պաշտոնյան բարձր մակարդակի հանդիպումներ է ունենալու Մոսկվայում ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն հայտարարեց, որ նախագահ Պուտինի հետ հանդիպում նախատեսված չէ:
«Արդար խաղ»
Անցած շաբաթ նախագահ Զելենսկին հայտարարեց, թե հյուսիսկորեացի զինվորների ժամանումը նշանակում է, որ Ուկրաինան այժմ ստիպված է Եվրոպայում փաստացի պատերազմել Հյուսիսային Կորեայի դեմ։
Պենտագոնն, իր հերթին, նախազգուշացրեց՝ եթե Կիմ Չեն Ընի զինվորները հայտնվեն ռազմաճակատում, ապա որևէ սահմանափակում չի լինի ամերիկյան սպառազինությունն ուկրաինացի զինվորականների կողմից կիրառելու հարցում։ Մինչ այդ էլ, անցած շաբաթ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարեց՝ եթե Փհենյանի զորքն իսկապես ուղարկվի Ուկրաինայի դեմ պատերազմելու, ապա դա կլինի արդար խաղ՝ նրանք կդառնան թիրախ։
Քիրբին հավելեց՝ այժմ հարցն այն է, թե ինչ է Հյուսիսային Կորեան ստանում դրա դիմաց։
Փհենյանը վաղուց է բացահայտ աջակցում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին:
Մեկ տարի առաջ Վաշինգտոնը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին ռազմական տեխնիկա է մատակարարել, որը «կօգտագործվի ուկրաինական քաղաքների, ուկրաինացի խաղաղ բնակիչների դեմ Ռուսաստանի ապօրինի պատերազմը շարունակելու համար»։ Հունվարին Վաշինգտոնն ու Կիևը սկսեցին Ռուսաստանին մեղադրել Փհենյանի մատակարարած բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնելու համար։ Այժմ էլ ենթադրություններ են հնչում, որ հյուսիսկորեական դիվանագիտության ղեկավարի մոսկովյան այցի ընթացքում կքննարկվի հարցը, թե ինչ կստանա Փհենյանը իր ռազմական աջակցության դիմաց։
Օգնությունն օդում է
Որոշակի օգնություն արևմտյան ցավոտ պատժամիջոցների բախված Հյուսիսային Կորեան Մոսկվայից արդեն ստանում է։ Հունիսին Պուտինը և նրա հյուսիսկորեացի պաշտոնակիցը փոխադարձ պաշտպանության մասին հուշագիր ստորագրեցին, որը կողմերին պարտավորեցնում է «անհապաղ ռազմական և այլ օգնություն ցուցաբերել առկա միջոցներից», եթե կողմերից մեկը «հայտնվի պատերազմական իրավիճակում զինված ագրեսիայի պատճառով»:
Ինչպես հաղորդվեց հոկտեմբերի 29-ին, Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունն օրենսդիրներին ասել է, որ Հյուսիսային Կորեան Մոսկվայից «տիեզերական հետախուզության» հետ կապված արդիական սարքավորումներ է ակնկալում ստանալ, ինչը նախագահ Կիմը համարում է որոշիչ իր զինանոցի համար:
Հյուսիսային Կորեայի հարցերով փորձագետ Բենջամին Յանգը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ Ռուսաստանը շատ բան է պարտական Փհենյանին և շատ բան ունի տալու ստացած ռազմական օգնության դիմաց։
«Հյուսիսկորեացիներն այժմ կարող են օգտագործել ռուսական պատուհանը՝ բարձր մակարդակի հրթիռային և տիեզերական տեխնոլոգիաներ, փորձ ձեռք բերելու համար», - ասում է Rand Corporation վերլուծական կենտրոնի փորձագետ Յանը՝ հավելելով, որ ռուսները կարող են օգնել դաշնակիցներին այդ հարցում։
Փորձագետի համոզմամբ՝ Հյուսիսային Կորեայի համար «իրական մարտական փորձ ձեռք բերելու հնարավորությունը մեծ նշանակություն ունի» և «կարող է ապագայում օգնել Փհենյանին Կորեական թերակղզում հակամարտության բռնկման դեպքում»:
Մարտական պատրաստվածություն
Հյուսիսային Կորեայի զինվորականները նույնպես շատ բան ունեն առաջարկելու Ռուսաստանին մարտի դաշտում, նշում է Յանգը։
«Ես չեմ զարմանա, եթե հյուսիսկորեացի օդաչուները սկսեն գործարկել ռուսական կործանիչները։ Ես նաև կարծում եմ, որ նրանք կարող են ռազմի դաշտում օգնել հրթիռային տեխնոլոգիայի ոլորտում իրենց տեխնիկական գիտելիքներով», - ասում է փորձագետը՝ ավելացնելով նաև, որ ոչ մասնագիտացված զորքերը կարող են օգնել հետ մղել ուկրաինական հարձակումը Կուրսկում:
«Քանի որ տեխնիկապես դա Ռուսաստանի տարածք է, Կրեմլը կարող է պնդել, որ հյուսիսկորեացիներն աջակցում են «հակաահաբեկչական» գործողություններին և մնում են միջազգային իրավունքի գորշ գոտում»։
Թերություններ հյուսիսկորեացի զինվորականներն այդուհանդերձ ունեն՝ բացի մարտ վարելու փորձի բացակայությունից նաև հաղորդակցվելու հարց կա՝ ռուսերենին չտիրապետելը:
Դասալքության հարցեր
Կիևը գայթակղիչ պայմաններ է առաջարկում հյուսիսկորեացի զինվորներին՝ տաք մահճակալ, օրական երեքանգամյա սնունդ:
Ուկրաինայի ռազմական հետախուզության «Ես ուզում եմ ապրել» սոցիալական հարթակում, որն ի սկզբանե ստեղծվել է ռուս զինվորականներին պատերազմին մասնակցելու որոշումից ետ պահելու նպատակով, այժմ դիմում է հյուսիսկորեացի զինվորականներին:
«Կորեական ազգային բանակի զինվորներին. դուք, որոնց ուղարկել են պուտինյան ռեժիմին օգնելու, չպետք է անիմաստ զոհվեք այլ երկրում», - ասվում է կորեերեն հաղորդագրությունում, - «Հանձնվե՛ք։ Ուկրաինան պաշտպանում է ձեզ, կապահովի ձեզ սնունդով, ջերմությամբ։ Հազարավոր ռուս զինվորներ արդեն իսկ ճիշտ ընտրություն են կատարել»։
Հյուսիսային Կորեայի հարցերով փորձագետ Յանգը, մինչդեռ, համոզված է՝ հյուսիսկորեացի զինվորները, ըստ ամենայնի, «խիստ հսկողության» տակ կլինեն, և թեև դասալքությունը հավանական է, նրանք «ամեն դեպքում հասկանում են, որ մեծ է գերեվարվելու հավանականությունը, իսկ հետո՝ մահապատիժ Հյուսիսային Կորեայում»։