Ընդդիմադիր Հայ յեղափոխական դաշնակցությունն (ՀՅԴ) ահազանգում է, որ այսօր վաղ առավոտից ուժայինները մուտք են գործել կուսակցության Եղեգնաձորի և Վայքի գրասենյակներ, բերման ենթարկել կուսակցականներին ու համակիրներին՝ առնվազն 10 հոգու։
Եղեգնաձորում գտնվող ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատգամավոր Արման Ղազարյանի հետ այս պահին Եղեգնաձորի քննչական ծառայության մոտ են, փորձում են տեղեկություններ ստանալ։ Մանուկյանն ասաց, որ որևէ պաշտոնական պարզաբանում իրենց չի տրվել, տեղյակ չեն, թե կոնկրետ ի՞նչ գործի շրջանակում են կատարել այս ձերբակալությունները, խուզարկել գրասենյակներն ու առգրավել համակարգիչները։
Ավելի ուշ Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, հավելելով, որ վարույթի մասին ավելի ուշ անհրաժեշտ տեղեկատվություն կտրվի։ Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հաղորդվում։