Ուկրաինական զինուժն ընդլայնում է հարձակումների աշխարհագրությունը, դրոններն այսօր հասել էին Ռուսաստանի Կիրովի մարզի Կոտելնիչ քաղաք՝ թիրախավորելով նավթի պահեստը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս թիրախը փաստացի գտնվում է ուկրաինական սահմանից 1200 կիլոմետր հեռավորության վրա։ Կիևը չի մեկնաբանել հարվածը, տուժածների, վնասի ճշգրիտ ծավալների մասին պաշտոնական տվյալներ չկան։
Պայթյունների ու հրդեհների մասին են հաղորդել նաև Ռոստովի, Վորոնեժի մարզային իշխանությունները։ Վորոնեժում ընդհուպ երկու բնակավայր է տարհանվել՝ ենթադրաբար զենքի պահեստին հասցված հարվածի պատճառով։ Իսկ Ռոստովի Պրոլետարսկում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածից մոտ 10 օր անց էլ հրդեհը մարել չի հաջողվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռոստովի մարզում գտնվող նավթի պահեստը նոր հարձակման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Դրոնների հարվածները Ռուսաստանի ուղղությամբ վերջին ամիսներին թափ են հավաքում, հաճախ դրանց թիրախում են հայտնվում նավթ մշակող ձեռնարկությունները կամ նավթի պահեստները։ Փորձագետների կարծիքով՝ այս մարտավարությունը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Ռուսաստանի տնտեսության վրա, քան արևմտյան պատժամիջոցները, որոնք էներգետիկ ոլորտի վրա ցավոտ հետևանք չունեն:
Ռուսաստանն իր էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներին պատասխանում է ավելի ծանր սպառազինությամբ և հաճախ թիրախավորելով Ոկրաինայի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական կառույցները։
Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանը միանգամից մի քանի բնակավայր է հրթիռակոծել, հաղորդվում է ինը զոհի մասին՝ մի մասը Ուկրաինայի արևելյան Դոնեցկի շրջանում, որտեղ մարտերը շարունակվում են արդեն մի քանի ամիս, մասնավորապես Պոկրովսկի ուղղությամբ, ևս երկու մարդ էլ սպանվել է Չասով Յարում՝ Բախմուտի շրջանում, որի համար անցյալ տարի ամիսներ ի վեր կատաղի մարտեր էին ուկրաինական զորքի և «Վագներ»-ի վարձկանների միջև։
Զոհեր կան նաև Զապորոժիեում, ռուսական զորքը հարվածներ է հասցրել անօդաչու թռչող սարքի կիրառմամբ. նահանգապետ Իվան Ֆեդորովի խոսքով՝ երկու կին և մեկ տղամարդ է մահացել, հաղորդվում է չորս վիրավորի մասին։ Իսկ Կրիվոյ Ռոգի վրա ռուսական բանակը իր զինանոցի ամենածանր զենքերից մեկն է կիրառել՝ «Իսկանդեր»-ը՝ թիրախավորելով քաղաքի հյուրանոցը, որի հետևանքով չորս մարդ է զոհվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեժ մարտերն ու ռմբակոծությունները Ուկրաինայում և Ռուսաստանում շարունակվում ենՊատերազմին հետևող փորձագետները նկատում են, որ բազմակողմանի հարձակումներին զուգահեռ ռուսական բանակը շարունակում է առաջ գնալ Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ ըստ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի՝ ռուսները մի շարք առանցքային մարտավարական հաջողություններ են գրանցել։
Մի շարք բնակավայրեր գրավելուց բացի, ռուսները վերահսկողություն են հաստատել նաև Պոկրովսկ քաղաքից հարավ-արևելք՝ Դոնեցկի արևմուտքում գտնվող խոշոր տրանսպորտային հանգույցի նկատմամբ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ավելի վաղ խոստովանել էր, որ ռուսական հրամանատարությունը Պոկրովսկից դեռ մեծաթիվ ուժեր չի տեղափոխել Կուրսկի շրջան, որտեղ չորրորդ շաբաթն է՝ հաջողությամբ առաջ են գնում ուկրաինական ուժերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կուրսկի մարզ ներխուժելու նպատակը, ըստ Զելենսկու, «ագրեսորի տարածքում բուֆերային գոտի ստեղծելն է»Նախագահ Զելենսկին այսօր ազդարարել է սեպտեմբերին ԱՄՆ նախատեսված այցի մասին, ինչպես հայտնել է, նախագահ Բայդենին և փոխնախագահ Հարիսին ներկայացնելու պատերազմը դադարեցնելու Կիևի ծրագիրը։ Ռուսական տարածք՝ սահմանակից Կուրսկ ներխուժումը հենց այդ ծրագրի մաս է կազմում, ասել է Ուկրաինայի առաջնորդը՝ հավելելով, որ Կիևի տեսլականը ենթադրում է նաև այլ քայլեր տնտեսական և դիվանագիտական ճակատներում։
Մանրամասներ նախագահ Զելենսկին չի հայտնել, բայց համոզմունք է հայտնել, որ թնդանօթները վաղ թե ուշ կլռեն, կողմերը կնստեն բանակցութոյունների սեղանի շուրջ, և Ուկրաինան ցանկանում է հնարավոր երկխոսությունը սկսել ամուր դիրքերից։