Հոսանքի մատակարարման խնդիրների շուրջ վարչապետի մասնակցությամբ քննարկումից երկու օր անց հրաժարականի դիմում ներկայացրին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանն ու տարածքային կառավարման փոխնախարար Հակոբ Վարդանյանը, որ hամակարգում էր էներգետիկ ոլորտը։
Ինչո՞ւ գործադիրում կայացած խորհրդակցությունից հետո Հանրային ծառայությունները կարգավորող կառույցի ղեկավարը հրաժարականի դիմում ներկայացրեց: Բաղրամյանն առանց մանրամասների միայն հաստատեց՝ իր որոշումը կապ ունի էներգետիկ խնդիրների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվելԷկոնոմիկայի և ՏԿԵ փոխնախարարները հրաժարական են ներկայացրել«Չեմ մեկնաբանելու ոչ մի բան: Ինչ մամուլում գրում են, դրա շրջանակներում, այսինքն էլեկտրաէներգետիկ համակարգում խնդիրներով պայմանավորված: Ես որոշել եմ, դիմումս գրել եմ ու հրաժարական եմ տվել», - ասաց Բաղրամյանը:
Հայաստանում տևական ժամանակ է՝ մարդիկ դժգոհում են էլեկտրաէներգիայի մատակարարման որակից, հենց սա էին ոլորտի պատասխանատուները երկու օր առաջ քննարկել վարչապետ Փաշինյանի հետ, նրան ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների հնարավոր լուծումները:
Արդյոք տարածքայինի փոխնախարարը նույն պատճառով է հրաժարական տվել, հարցն ուղղեցինք նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանին:
«Չեմ կարող նման պնդում անել, պարոն Վարդանյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն», - պատասխանեց Հարությունյանը:
Հաճախակի դարձած հոսանքազրկումներից հետո իշխանության ներկայացուցիչների քննադատության հիմնական թիրախը ՀԷՑ-ն է: Վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անգամ քննարկում էր կազմակերպել խորհրդարանում, իրենց բողոքներն են փոխանցում հենց Գարեգին Բաղրամյանին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վթարների մոտ 34 տոկոսը շինաշխատանքների պատճառով է. ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահԱրդյոք խնդրի լուծման ուղղությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի արդեն նախկին նախագահի քայլերը իշխանությունը բավարար չի համարել։ Կառավարության խորհրդակցությանը մասնակցած իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը չթաքցրեց՝ Գարեգին Բաղրամյանից ու նրա ղեկավարած կառույցից նախաձեռնողականություն են ակնկալել:
«Դժգոհություն կա ընդհանուր և ոչ թե կառավարող ուժի շրջանակում, այլ ընդհանրապես ժողովրդի մոտ՝ ՀԷՑ-ի սպասարկման որակից և միայն ՀԷՑ-ի: Բայց կոնկրետ սպասարկման որակի հետ կապված շատ դժգոհություններ կան, այսինքն, քաղաքացիները դիմում են: Մարմինը՝ ՀԾԿՀ-ն էս շրջանակում, իր ունեցած գործիքակազմի ու լիազորությունների շրջանակում պարտավոր է կարգավորել հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությունը», - ասաց Վարդանյանը:
Ինքը՝ Գարեգին Բաղրամյանը համաձայն չէ, որ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը լուրջ թերացումներ ունի, իսկ կարգավորող հանձնաժողովն էլ իր գործառույթները լիարժեք չի իրականացրել:
«Խնդիրները հենց այսօր չեն առաջացել, խնդիրները կային, խնդիրների լուծման մեխանիզմներ կան, պետք է այդ մեխանիզմները որոշակիորեն օպտիմալացնել, որպեսզի ավելի տեսանելի ու արագ արդյունքներ տան: մեր առաջարկները նաև այդ շրջանակում է եղել», - նշեց Բաղրամյանը:
Ի դեպ, կառավարության շարքերում ևս մեկ հրաժարական կա։ Պաշտոնից հեռացել է նաև էկոնոմիկայի նախարարության ԱՊՀ և ԵԱՏՄ համագործակցության ոլորտները համակարգող փոխնախարար Նարեկ Տերյանը: Նրա հեռացման պատճառների մասին նախարարությունը լռում է, բայց էներգետիկ խորհրդակցությանը մասնակցում էր նաև նրա ղեկավարը՝ նախարար Գևորգ Պապոյանը։
Վերջերս Նարեկ Տերյանի մասին հետաքննություն էր հրապարակել «Սիվիլնեթ»-ը՝ պարզելով, որ փոխնախարարի կինն աշխատանքի է անցել նրա համակարգած ներդրումային ծրագրում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շահերի բախո՞ւմ է, թե՞ ոչ. փոխնախարարի կինն աշխատում է նրա համակարգած ներդրումային ծրագրում