Մեկ մարդու կյանք խլած ու մի քանիսին ծանր վնասվածքներ պատճառած պայթյունը երեկ տեղի է ունեցել Հրազդան ՋԷԿ-ի չգործող ձուլարանում, որտեղ «Ազատության» լրագրողի մուտքն արգելվեց: Կայանի աշխատողներն արգելքը պատճառաբանում են ընթացող նախաքննությամբ: Տարածքը հիմա ոստիկանությունն է հսկում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուն Հրազդան ՋԷԿ-ի չգործող ձուլարանում. կա զոհ և տուժածներՊայթյունից ժամեր անց Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց՝ շինարարության ընթացքում աշխատանքի անվտանգության կանոնների կամ պահանջների խախտման հոդվածով։ Նախաքննական մարմնից, սակայն, դեռ ձերբակալվածների կամ մեղադրյալների մասին չեն հաղորդում։
Մինչ Քննչական կոմիտեն պարզում է պայթյունի պատճառը, Հրազդան ՋԷԿ-ից այսօր հայտնեցին, թե իրենց չգործող ձուլարանի տարածքում օդի բալոնն է պայթել։ Կոնկրետ ինչի՞ համար է այն նախատեսված եղել, ի՞նչ չափերի, ջերմաէլեկտրակայանից չեն պարզաբանում։ Միայն փոխանցում են, թե բալոնը պայթել է ձուլարանի տարածքում ընթացող շինաշխատանքների ժամանակ։
Հրազդան ՋԷԿ-ի ներկայացուցիչ Զարուհի Մանասարյանի խոսքով՝ չգործող ձուլարանը ջերմաէլեկտրակայանի տարածքում է, սակայն այն վարձակալել է այլ մասնավոր ընկերություն՝ «Տ-Մետալ» ՓԲԸ-ն։ Մանասարյանի պնդմամբ՝ այս ընկերությունը դեռ չէր սկսել ձուլարանի աշխատանքները. նախատեսում էին մեկնարկել տարեվերջին, տեղում շինարարություն էր ընթանում։
«Այնտեղ այս պահի դրությամբ տեղի են ունենում շինարարական, վերակառուցման, վերազինման աշխատանքներ, և այդ վերազինման, վերակառուցման աշխատանքների ընթացքում է դա եղել, ոչ թե շահագործման է հանձնվել առանց թույլտվության, կամ ինչ-որ էդպիսի բաներ, ոչ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հրազդան ՋԷԿ-ի ներկայացուցիչը:
Արդյոք բալոնը, որը երեկ պայթեց, պետք է օգտագործեր «Տ-Մետալ»-ը իր ձուլարանը համար, հստակ չէ։ Անվտանգության փորձագետը, ով չցանկացավ ներկայանալ, «Ազատությանն» ասաց՝ և՛ ձուլարանը, և՛ դրա սարքավորումներն արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում և պետք են գրանցվեին Ներքին գործերի նախարարության ռեեստրում։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին՝ գրանցում չի եղել։
«Գործարանում տեղակայված արտադրական վտանգավոր օբյեկտները չէին անցել ամենամյա փորձաքննություն, գրանցված չէին Ներքին գործերի նախարարության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և չունեին դրական եզրակացություններ փորձաքննության», - «Ազատությանն» ասաց տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը:
Ըստ Պապիկյանի՝ «Տ-Մետալ»-ին թույլատրված չի եղել տարածքում մետաղաձուլական աշխատանքներ իրականացնել. - «Մեր մասնագետը արձանագրել է բազմաթիվ խախտումներ՝ հրդեհային անվտանգության նորմերի բազմաթիվ խախտումներ, և ի թիվս այդ խախտումների՝ նաև տեխնիկական անվտանգության ոլորտի խախտումներ»:
Անվտանգությունը հավաստող գերատեսչությունը երկու անգամ բացասական եզրակցություն է տվել։
Մինչդեռ այսօր Հրազդան ՋԷԿ-ից հակադարձել էին, թե վերջին ստուգման ընթացքում տեսչական մարմինն անվտանգությանը վերաբերող խնդիրներ չի արձանագրել։
«Տնտեսվարողը նորից դիմել է, Տեսչական մարմինը ուսումնասիրություն է կատարել և, այո՛, կա այսպիսի նախադասություն, որ թեև համապատասխանում է շինարարությունը քաղաքաշինական մասով նախագծին, բայց այնուամենայնիվ նախագիծը պետք է օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվեր համալիր փորձաքննության և ունենար դրական եզրակացություններ, հետևաբար նշված օբյեկտի շինարարության ավարտված և շահագործման ենթակա լինելու փաստը հավաստող փաստաթուղթը Տեսչական մարմնի կողմից չի նշագրվել և չի կնիքվել, հետևաբար, վերոնշյալ արտադրական վտանգավոր օբյեկտը չի ունեցել շահագործման թույտվություն», - ընդգծեց Արազ Պապիկյանը:
Պաշտոնյայի պնդմամբ, ձուլարանի շահագործման թույլտվության համար չեն իրականացվել համալիր փորձաքննություններ։
Տարածքը «Տ-Մետալ» ընկերությանը տրամադրած Հրազդան ՋԷԿ-ից էլ այսօր հայտնել են, թե ձուլարանը վերջնական շահագործման հանձնված չէ, գտնվում է փորձարկման փուլում։ Թե ինչի մասին է խոսքը, ընկերությունից չեն հստակեցրել։
Մինչ այդ, տեսչական մարմնում դեռ ենթադրում են. - «Այն որ կա պայթյուն և հետևանք, հետևաբար՝ նույնիսկ կարելի է կարծել, որ դրվագային ինչ-որ շահագործման փաստ է եղել: Թե ամբողջ օբյեկտն է՝ արտադրական վտանգավոր օբյեկտն է շահագործվել, թե դրա տեխնոլոգիական մի մասն է շահագործվել, այդ մասով մենք մեկնաբանություն չենք կարող տալ», - ընդգծեց Պապիկյանը:
Ձուլարանը շահագործել պատրաստվող «Տ-Մետալ» ընկերության հետ կապ հաստատել չի հաջողվել։ Այս ընկերությունն ապրիլին Կառավարության որոշմամբ ընդրգրկվել էր Հրազդանում գործող «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու ռեեստրում։ «Տ-Մետալ»-ը, ըստ բաց աղբյուրների, նախատեսում է այդ ձուլարանում տարեկան 150 հազար տոննա հեղուկ պողպատ արտադրել։