Հրապարակի մետրոյի անցումում գործող «Հալեպի շուկա»-ն 20 րոպեում փակվեց. ինչ է պատահել

10 տարի գործելուց հետո Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի անցումում գործող «Հալեպի շուկա»-ն 20 րոպեում փակվեց։

Պետրոս Քիրազյանն առաջիններից էր, որ արևելյան համեմունքներն ու անուշեղենները տեղավորել էր կրպակներցի մեկում ու մինչև օրս անարգել աշխատում էր։ Ինչ պատահեց, որ մի օրում ստիպված եղավ ամբողջ ապրանքը փողոցի վրա շարել։ Փաստաթուղթ, զգուշացում ստացե՞լ են. - «Ոչ մի գրություն, ոչ մի պաշտոնական ժամկետ չեն տվել, որ դատարկենք, միանգամից եկան»:

Հրանտ Վարդան Սուքիասյան էլ մի փոքր վարսավիրանոց ունի այստեղ. արդեն կնքել են մի դուռը, մյուսով էլ ապրանքն էր դուրս հանում՝ բայց ինքն էլ չգիտի ուր։ 7 տարի էլ Գևորգ Պարսումյանն է սպորտային կոշիկ, պայուսակ, հագուստ վաճառել։

Սիրիահայ տղամարդիկ պատմում էին՝ որևէ խնդիր չի եղել տարածքի նախկին սեփականատիրոջ «Դիադին» ՍՊԸ-ի հետ, մինչև այն պահը, երբ Մետրոպոլիտենի ու «Դիադին»-ի ջրերը մի առվով չգնացին։

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանից տեղեկացանք, որ «Դիադին»-ին տարածքը տրամադրված է եղել 10 տարի ժամկետով, հիմա այն սպառվել է:

«Այդ ընթացքում պարզվել է նաև, որ գույքն այլ սեփականատեր ունի, 10 ԱՁ ընկերություններ են, որոնք դիմել են Մետրոպոլիտենին, Մետրոպոլիտենը 10 անհատ ձեռնարկատեր ընկերությունների հետ պայմանագիր է կնքել, նորմալ աշխատում են», - նշեց Ասլանյանը:

«Ազատության» հարցին՝ 10 ԱՁ-ներն այդ 10 կրպակնե՞րն են, Աննա Ասլանյանը պատասխանեց. - «Այո, 10 կրպակներն են: Դիմել է ԱՁ-ներին, որ դադարեցնեն իրենց գործողությունը, իրենք համաձայնության չեն եկել, չեն կարողացել հարցն իրար մեջ լուծել»:

Մետրոպոլիտենի և «Դիադեն»-ի վեճը դատարանում է, գործը քննվում է, ինչպես ԴԱՀԿ մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը բացատրեց, այսօրվա տեղի ունեցածը, դատարանի միջանկյալ որոշման հետևանք է։

«Որով ասվում է, որ պետք է արգելել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲ ընկերությանը և ցանկացած այլ անձի Նալբանդյան 3/3 հասցեի ստորգետնյա անցումում գտնվող ոչ բնակելի տարածքում գտնվող «Դիադին» ՍՊ ընկերությանը պատկանող գույքերը տիրապետել կամ ցանկացած այլ եղանակով օգտագործել», - ասաց Պետրոսյանը:

Մինչդեռ գույքի սեփականության պահով հակասության կա. Մետրոպոլիտենից պնդում են, որ գույքը «Դիադին»-ինը չի, ԴԱՀԿ-ն փաստեր է պահանջում, «Դիադին»-ի տնօրեն Գևորգ Բադեյանն էլ «Ազատության»-ը հետ զրույցում պնդեց՝ գույքն իրենից ապօրինաբար խլել են:

«Պայմանագրում հստակ նշած է 5.1 կետով, որ այդ գույքը հանդիսանում է «Դիադին» ՍՊԸ-ի սեփականություն: Գույքը մեզնից ապօրինաբար խլել են, հանձնել են երրորդ կողմի ապօրինաբար՝ առանց մեզ հանձնելու, առանց մեզ հետ քննարկելու», - նշեց տնօրենը:

Բադեյանը երկար գործից չխոսեց, կարճ ասաց՝ թող իրավապահները գտնեն ճշմարտությունը։

Սիրիայում պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված մի քանի սիրիահայերին տարիներ առաջ էր այս տարածքը տրամադրվել՝ ձեռագործ աշխատանքների, խնամքի միջոցների, հրուշակեղենի, համեմունքներ, վարսավիրանոց և արագ սննդի կետեր բացելու համար։ Ժամանակի ընթացքում տեղացիներն էլ են այստեղ մի անկյուն գտել։ Օրինակ՝ ժամագործ Մեսպրոպ Կարինյանը չգիտի՝ հիմա կրպակը քանդի, թե արդեն իսկ քանդված ժամացույցները հավաքի։