Հունգարիան Եվրամիությանը սպառնում է անօրինական միգրանտներին և փախստականներին մեկ ուղղությամբ անվճար տոմս տալ դեպի Բրյուսել՝ նման կերպ պատասխանելով նրանց ապաստան չտրամադրելու պատճառով Եվրոպական դատարանի կողմից Հունգարիայի վրա խոշոր տուգանքներ սահմանելու որոշմանը։
Անցած հունիսին Եվրոպական դատարանը որոշել է 200 միլիոն եվրոյով տուգանել Հունգարիային Եվրամիությունում ապաստան տրամադրելու կանոնները սիստեմատիկ խախտելու համար, բացի դրանից նաև օրական մեկ միլիոն եվրո այնքան ժամանակ, քանի դեռ Բուդապեշտն իր քաղաքականությունը չի համապասխանեցրել Եվրամիության օրենսդրությանը։
Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գույաշն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ եթե Բրյուսելը միգրանտներ է ցանկանում, կարող է ունենալ։
«Եթե Եվրամիությունը շարունակի Հունգարիային կանոններ պարտադրել, որոնք հնարավորություն չեն տա միգրանտներին կանգնեցնել սահմանին, ապա Հունգարիան յուրաքանչյուր միգրանտին անվճար փոխադրում կառաջարկի դեպի Բրյուսել»,- հայտարարել է Օրբանի աշխատակազմի ղեկավարը։