Հունգարիան և Սլովակիան արգելափակեցին Վրաստանի առաջնորդների դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունումը

Հունգարիան և Սլովակիան դեկտեմբերի 16-ին արգելափակեցին վրացի պաշտոնյաների դեմ պատժամիցներ սահմանելու Եվրամիության առաջարկած փաթեթը։

Հունգարիայի և Սլովակիայի գործողությունները խոչընդոտում են նաև վրացի պաշտոնյաների դեմ մուտքի արտոնագրի արգելքի և ակտիվների սառեցման գործընթացին։

ԵՄ առաջնորդները ձգտում են պատժել Վրաստանի իշխանություններին այլախոհների նկատմամբ դաժան ճնշումների և ռուսամետ քաղաքականության համար:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը նախքան Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդի երեկվա նիստը հայտարարել էր, որ պատժամիջոցների ցանկն արդեն պատրաստ է։

«Իհարկե, բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Վրաստանում, չեն գնում այն ուղղությամբ, որով պետք է շարժվի ԵՄ թեկնածու երկիրը։ Հետևաբար մենք պատրաստվում ենք քննարկել, թե ինչ հետևանքներ կլինեն վրացական կառավարության համար, որը բռնաճնշումներ է կիրառում ընդդիմության դեմ՝ օգտագործելով տարատեսակ գործիքներ», - ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն էլ օրերս հայտարարել էր, որ Բուդապեշտը դեմ է վրացի պաշտոնյաների դեմ ցանկացած պատժամիջոց կիրառելու առաջարկին և վետո կկիրառի:

Թբիլիսիում շարունակվում են իշխանությունների հրաժարականի պահանջով զանգվածային ցույցերը, որոնք սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ ժամանակավորապես կասեցվում են Եվրոպական միության հետ անդամակցության բանակցությունները: Հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում այս օրերին ցույցեր էին անում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն կքննարկի Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և ազատ վիզային ռեժիմը սահմանափակելու հարցերը