Հանրային հեռուստաընկերությունը երևի 6 ամիս է՝ հոգևորականին հրավիրում էր հարցազրույցի, չէր գալիս, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բագրատ սրբազանն ընդունեց Հանրայինի առաջարկը«Ազատություն». - Ինքնին փաստը, որ Հանրային հառուստաընկերությունը եթեր տրամադրեց ընդդիմադիր հոգևորականին, փողոցային ճնշման արդյունքում, չի՞ վկայում, որ այդ շարժումը չի մարել, գործոն է, ունի ազդեցություն ներքաղաքական կյանքում:
Ալեքսանյան. - Նախ պետք է արձանագրել, որ ոչ թե ինչ-որ ճնշման արդյունքում, այլ Հանրային հեռուստաընկերությունն էս երևի 6 ամիս է՝ հոգևորականին հրավիրում էր հարցազրույցի, հոգևորականն էր, որ չէր գալիս, և մինչև վերջին պահն էլ, երբ Հանրային հեռուստաընկերության տնօրենն իջել ու խնդրում, համոզում էր, որ՝ կարող է գաք հարցազրույցի, պայմաններ էր առաջ քաշում և համաձայնեց միայն այն դեպքում, որ հարցազրույցի էդ ժամանակահատվածի գոնե կեսը մենախոսի ու իրեն ոչ ոք չընդհատի ու հարցեր չտա:
«Ազատություն». - 12 րոպե անարգել Հանրայինի եթերում ասում էր այն, ինչ ուզում էր:
Ալեքսանյան. - Մեծ հաշվով, ինձ թվում է, մնացած 12 րոպեներն ուղղակի էն աստիճանի խայտառակություն էին, որ եթե դրանից առաջ նույնիսկ 23 ժամ և 48 րոպե էլ խոսացած լիներ, դա առանձնապես բան փոխած չէր լինի:
«Ազատություն». - Իմ ասածն այն է, որ շատերն են եկել Հանրայինի դռանը եթեր պահանջել ու պահանջում, բայց նա կարողացավ:
Ալեքսանյան. - Դուք ինձ հրավիրել եք էսօր հարցազրույցի, դա նույնն է, ոնց որ դուք ինձ հրավիրեք հարցազրույցի, հետո ես գամ դռան դիմացից լայվ մտնեմ, ասեմ՝ ես հիմա եթեր եմ պահանջում, «Ազատություն», դուք ինձ եթեր տաք, ես էլ ասեմ՝ իմ ճնշման արդյունքում «Ազատություն»-ը տեղի տվեց և ինձ եթեր տվեց, դա ուղղակի ծիծաղելի է, անկեղծ ես չգիտեմ, երեկ երեկոյան ես, օրինակ, շատ ծիծաղել եմ, դա աբսուրդ է ուղղակի:
«Ազատություն». - Եթե ընդհանրացնենք, ինչո՞ւ է նա ձեր հեռացումը պահանջում՝ խաբել եք ժողովրդին, ասել եք՝ անջատում հանուն փրկության, ասել եք՝ Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, 2 տարի անց Արցախն ընկնել է, ուրեմն արտառոց վիճակ է և ճգնաժամի ներքաղաքական կյանքում:
Ալեքսանյան. - Անկեղծ ասած, ներքաղաքական կյանքում ճգնաժամ ընդհանրապես ես չեմ տեսնում: Ես վստահ եմ, որ Հանրապետության հրապարակում, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքված 1950 հոգին դրա լավագույն ցուցիչն են ուղղակի ու նաև Հանրապետության հրապարակ ու 1950 հոգի. էս 2 երևույթների համադրությունը, որպես այդպիսին, ցույց է տալիս ամբիցիաները նշյալ քաղաքական հոգևորական գործչի և նրա իրական ունեցած վարկանիշը հանրության շրջանում:
«Ազատություն». - Ըստ նույն ձեր վկայակոչած աղբյուրի, «Իրազեկ քաղաքացիների միավորման», ամիսներ առաջ նա տասնյակ հազարներ էր հավաքում այդ հրապարակում, այսինքն այդ դժգոհությունը կա:
Ալեքսանյան. - Այո, տասնյակ հազարներին հավաքեց, խոսեց նրանց հետ 30 րոպե, և էդ 30 րոպեն ուղղակի բացարձակապես հերիք էր, որ տասնյակ հազարներն այլևս երբեք նրա հանրահավաքներին չմասնակցեն: