ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանին. Փաշինյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջերս Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովեն ՌԴ Անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերով: Ես ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված: Դա պարզ տեքստ է, հրապարակային ընդ որում, կարելի է բացել և կարդալ: Այնտեղ ընդհակառակը՝ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունն է ապահովում, երաշխավորում անվտանգությունը հաղորդակցության», - նշել է Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը:

Վարչապետն ընդգծել է նաև, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանային բոլո՛ր կոմունիկացիաները բացելու մասին է: «Եվ այստեղ կոնտեքստից կտրված մեկնաբանությունները ոչ միայն օգուտ չեն տալիս, այլև վնասակար են: Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակային և պաշտոնապես ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և եթե որևէ մեկը դեմ է այդ նախագծին, պետք է բացատրի, թե ինչու է դեմ», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր մոտ երկու շաբաթ առաջ պնդել, թե ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի իշխանությունը «սաբոտաժի» է ենթարկում և շեշտել, թե հարցը պետք է լուծվի 2020-2022 թվականների եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն համապատասխան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կոմունիկացիաները չեն բացվում նաև ՌԴ մի շարք գործընկերների մեկնաբանությունների պատճառով. Փաշինյան ՀՀ ԱԳՆ-ը հակադարձում է Լավրովին, ռուս գործընկերներին կոչ անում սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության ջանքերըՍյունիքով կոմունիկացիաների համաձայնության Երևանի սաբոտաժը դժվար է հասկանալ․ Լավրով