ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Ազրա Զեյա, արխիվ

Ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում, «Հետք»-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ազրա Զեյան՝ մանրամասներ չհրապարակելով։

Նա սա ողջունելի զարգացում է համարել՝ նաև ողջունելով Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանաքաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։

«Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը», - ասել է Զեյան։

Դեռ ապրիլին, «Ազատության»-ը տված հարցազրույցում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն էր ասել, որ Պաշտպանության նախարարությունում խորհրդական են ունենալու։

«Մենք նաև ունենալու ենք խորհրդական, ով կարող է գալ և նստել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ օգնելու զարգացնել կարողությունները, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել իր մասնակցությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են խաղաղապահությունը և այլ խաղաղ նախաձեռնությունը», - ասել էր դեսպանը։

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտ է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման համար, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը «Հետք»-ի հետ զրույցում պատասխանել է․ - «ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը։ Մենք հարգում ենք այդ որոշումը։ Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական և քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ։ Երրորդ և վերջին դիտարկումս․ չկա որևէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը»։

Զեյան Երևան է ժամանել հուլիսի 13-ին։ Այս օրերին Հայաստանում ընթանում են «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որին Մոսկվան կոշտ է արձագանքել։

«Այդ զորավարժություններն ափսոսանքից զատ ոչինչ չեն առաջացնում, հատկապես այն հանգամանքներում, երբ Երևանը փաստացի սառեցնում է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում », - ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Իր վերջին ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հնչի պատասխանը հարցի, թե որն է Հայաստանում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին և համապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, կնշանակի՝ ռազմական դաշինքի հետ խնդիրները լուծված են: Հակառակ դեպքում, վարչապետը դարձյալ զգուշացրեց, Հայաստանը դուրս կգա դաշինքից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ամերիկյան զորավարժությունը թույլ կտա ընդլայնել զորավարժության տեսակները. փորձագետ