Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։
Ըստ նախագահականի՝ Խաչատուրյանը Աստանայում կլինի Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով։
Հայաստանի և Ղազախստանի նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանում էր այս տարվա ապրիլին։ Նա Երևանում հայտարարել էր, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը՝ շեշտելով, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար։ Տոկաևը նաև ասել էր, որ Աստանայի հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։
Սեպտեմբերին ադրբեջանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ղազախստանի նախագահը վերահաստատեց, որ Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար։ Իլհամ Ալիևն էլ նշել է, որ Բաքվի համար ընդունելի է Աստանայում Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու առաջարկը։
Երևանը չի արձագանքել այս հայտարարությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև