ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը ներառում է այն ոլորտները, որ չկան եղած համաձայնագրում. Իոաննիսյան

Եվրամիություն-Հայաստան գործընկերության օրակարգը իրականում թարմացում է, որը համաձայնեցվել է Հայաստանի հետ փետրվարին. Ստանո

Հայաստան- Եվրամիություն ընթացող բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, «Ազատության» հետ զրույցում ասաց Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։

Հայաստանն ու Եվրամիությունը փետրվարին հայտարարեցին, որ աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ:

Արտգործնախարարությունից այսօր փոխանցեցին, որ Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագիծը գտնվում է համաձայնեցման փուլում. այդ ուղղությամբ ԵՄ գործընկերների հետ ընթանում են ակտիվ քննարկումներ:

Բայց, ի՞նչ է այս նոր օրակարգը, արդյոք դա նոր փաստաթուղթ է, որ փոխարինելու է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, թե՞ պարզապես լինելու է դրա լրացուցիչ մասը, և արդյոք դա քայլ առաջ է դեպի անդամության թեկնածությունը:

«Եվրամիություն-Հայաստան գործընկերության օրակարգը իրականում թարմացում է, որը համաձայնեցվել է Հայաստանի հետ փետրվարին: Այդ ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ ավելի հավակնոտ ենք լինելու և թարմացնելու ենք արդեն գործող համաձայնագիրը: Արդեն սկսել ենք բանակցել Եվրամիություն-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ, և սա հենց այն թարմացումն է, որը կընդլայնի ԵՄ-ի և Հայաստանի համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, որովհետև գործընկերների հետ հարաբերությունները զարգացնելու Եվրամիության սկզբունքներից մեկը գործընկերոջ հավակնություններին արձագանքելն է: Եթե մենք տեսնում ենք, ինչպես Հայաստանի դեպքում է, որ ավելի շատ ոլորտներում ավելին անելու, ավելի խորն ու ինտենսիվ համագործակցելու պատրաստակամություն կա, մենք արձագանքում ենք դրան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետեր Ստանոն:

«Եվ դա շատ կարևոր է, քանի որ սա ցույց է տալիս, որ մենք մոտենում ենք, որ մենք ցանկանում ենք ավելին անել միասին՝ հիմնվելով եվրոպական սկզբունքների և արժեքների վրա, իհարկե, և հիմնվելով քաղաքական բարեփոխումների, տնտեսական բարեփոխումների և փոխադարձ համագործակցության վրա», - հավելեց նա:

Հարցին, թե գործընկերության այս նոր օրակարգը կարելի՞ է մեկ քայլ առաջ համարել Հայաստանի անդամության թեկնածության հնարավորությանը, Պետեր Ստանոն պատասխանեց. - «Սա իրականում որևէ կապ չունի պոտենցիալ անդամության թեկնածության գործընթացի հետ: Բանակցությունները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Իսկ ներկայիս հարաբերությունները սահմանված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:

Այսպիսով, այս բանակցությունները որևէ կապ չունեն պոտենցիալ անդամակցության թեկնածության հնարավորությունների հետ, սրանք երկու տարբեր բաներ են, մենք արդեն իսկ Հայաստանի հետ ունենք CEPA-ի համաձայնագիրը, և հիմա մենք ընդլայնում ենք դրա հիմքերն ու ոլորտները, թե էլ որ ոլորտներում կարող ենք ավելի սերտ համագործակցել: Սա արտացոլում է մեր ներկայիս համագործակցությունը, որը թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունը ցանկանում են ընդլայնել, սակայն կրկին շեշտեմ՝ սա որևէ կապ չունի Եվրամիության պոտենցիալ անդամության կամ թեկնածության հայտի հետ, քանի որ հիմնված է արդեն գործող, ընթացքի մեջ գտնվող հարաբերությունների վրա»։

Ի՞նչ է ներառում նոր օրակարգը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը քաղաքացիական հասարակության այն խմբում է եղել, որին կառավարությունը ներկայացրել է գործընկերության նոր օրակարգի մանրամասները։ Ասում է՝ այդ նոր օրակարգը ներառում է հիմնականում այն ոլորտները, որոնցով արդեն իսկ Հայաստանի և Եվրամիության միջև գոյություն ունի համագործակցություն, սակայն որոնք ներառված չեն Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:

«2017թ. ստորագրված պայմանագիրն այն ժամանակվա քաղաքական կամքի արտահայտությունն է, և հիմա քաղաքական կամք կա՝ շատ ավելի շատ ոլորտներում համագործակցելու, ավելին, մի շարք ոլորտներում կա համագործակցություն, որը 17թ. պայմանագրով ամրագրված չի, օրինակ, անվտանգության ոլորտը, առաջին հերթին, օրինակ, Սև ծովի տակով անցնող բարձրավոլտ մալուխի կոնտեքստում Եվրամիության էներգետիկ ցանցերին կպնելու հեռանկարը և այլն։ Այսինքն՝ մի շարք ոլորտներում արդեն որոշումները կան, և կարևոր է դրանք ներառել պայմանագրային բազայի մեջ։ Մի շարք ոլորտներում կամքը կա, դեռևս համագործակցությունը չկա, բայց ցանկությունը, կամքը կա, և դա էլ անհրաժեշտ ներառել, ընդ որում, դրա մեջ մտնում է, մեծ հաշվով, վիզաների ազատականացման պրոցեսը, որ դեռևս գետնի վրա փոփոխություն չի եղել, բայց կողմերը կամք են արտահայտել այդ ուղղությամբ աշխատելու և բազմաթիվ այլ ոլորտներ», - ասաց Իոաննիսյանը։

Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականին, ուժի մեջ մտել 2021-ին: Այս պայմանագիրը փաստորեն կնքվեց Ասոցիացման պայմանագրի փոխարեն, որը Հայաստանը պետք է ստորագրեր 2013-ին՝ Եվրամիության հետ 3.5 տարի բանակցություններից հետո, սակայն սեպտեմբերի 3-ի հայտնի որոշմամբ Հայաստանը որոշեց անդամակցել Ռուսաստանի գլխավորած Մաքսային, իսկ հետ նաև Եվրասիական տնտեսական միությանը: