Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ի և մասամբ ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորումը Լիբանանի տարածքից 190 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կշարունակի ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն՝ ի պաշտպանություն Իսրայելի պետության և նրա բնակիչների։
Reuters-ը, վկայակոչելով իսրայելցի զինվորականներին, նշում է, որ տուժել է առնվազն 12 մարդ։ Հրթիռային նախազգուշացումներ են հայտարարվել Իսրայելի հյուսիսում, այդ թվում՝ Ավիվիմա և Կիրյատ-Շմոնա շրջաններում։
Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորումը հայտարարել է, որ «Ֆադի-1» հրթիռներով հարվածել է Հայֆայից հարավ գտնվող ռազմաբազային։ Մեկ հարված էլ հասցվել է սահմանից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տիբերիա քաղաքին։
Իսրայելի պաշտպանության բանակն, իր հերիթն, հայտնել է, որ ռազմական ինքնաթիռները հարվածել են Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլա»-ի թիրախներին։
Իսրայելական զինուժը Լիբանանում իր ցամաքային գործողությունները որակում է «սահմանափակ և թիրախային», սակայն, ըստ Reuters-ի, «դրանց մասշտաբներն անցյալ շաբաթվանից անշեղորեն աճում են»:
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի դաշնակից «Հեզբոլա» խմբավորման դեմ Լիբանանում: Իսկ Իսրայելի և «Համաս»-ի միջև պատերազմը վերսկսվել է 2023-ի հոկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերի 7-ը դարձել է «Համաս»-ի գրոհայինների կողմից Իսրայելի բնակիչների վրա հարձակման զոհերի հիշատակի օր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համաս»-ի հարձակումից մեկ տարի անց. իրավիճակը Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ