Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) չի ընդունում ոչ արդյունավետ կառավարման վերաբերյալ մեղադրանքները: ՀԷՑ ղեկավարներն ասում են՝ վերջին ամիսներին պարբերաբար դարձած հոսանքազրկումների մեծ մասն իրենց պատասխանատվությունից դուրս է, վթարների ավելի քան 34 տոկոսն, ըստ նրանց, շինաշխատանքների պատճառով են:
Հոսանքազրկումների պատճառով, օգոստոսի սկզբին Երևանում ռուսական հայտնի՝ «Շոպենիանա» բալետային ներկայացումը տապալվեց, դրանից շուրջ 10 օր անց Աբովյանի մարզադաշտում «Նոա»-«Ռուժոմբերոկ» եվրոպական ֆուտբոլային խաղն ընդհատվեց: Դրանից առաջ՝ դեռ նախորդ տարի էլ կառավարության նիստի ընթացքում էր դահլիճը մթնել:
ՀԷՑ ղեկավարներն ասում են՝ թատրոնի աշխատակիցներին մի քանի անգամ խորհուրդ է տրվել փոխել շենքի տրասֆորմատորներից մեկը, բայց դա անտեսվել է: Հետո թատրոնի ղեկավարի ստորագրությամբ նամակ են ստացել. - «Խնդրելով մեր ընկերության բարեգործական ծրագրի շրջանակում թատրոնի տրանսֆորմատորը տրամադրի նորով, քանի որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն և իրենց միջոցներով չեն կարող դա անել»:
Աբովյանի մարզադաշտի հոսանքազրկումն, ըստ ՀԷՑ-ի, նույնպես իրենց մեղքով չի եղել: ՀԷՑ ղեկավարները հայտարարեցին՝ միջադեպից 3 ամիս առաջ ֆեդերացիան է խնդրել, որ իրենց 2 տրանսֆորմատորներից մեկն անջատեն, ասել են՝ մեկը բավարար է:
Իսկ նախորդ տարի, երբ կառավարության նիստի ընթացքում լույսերն անջատվեցին, վարչապետը հանդիմանեց կառավարության անդամներին, թե շարունակ խոսում են էլեկտրաէներգիայի որակի մասին ու հետևողական չեն լինում: ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի պնդմամբ՝ աշխատանքային խումբը եզրակացրել է՝ անջատման պատճառը բարձրավոլտ գծերում անցկացվող աշխատանքներն են եղել, դա ՀԷՑ-ի պատասխանատվությունից դուրս է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամովՄյուս պատճառն, ըստ ՀԷՑ-ի, լայնածավալ կառուցապատումներն են. վերջին 3 տարում Երևանում 68 հազար նոր բաժանորդ է ավելացել, մինչև տարեվերջ այս թիվը կհասնի 77 հազարի:
«ՀԷՑ-ը միակ օղակը չէ, որին վերաբերում են հոսանքի անջատումները», - ասում են նրանք ու շարունակում, թե թերանում են նաև հոսանք արտադրող մյուս կայանները, բարձրավոլտ ցանցերը, տարբեր կառույցների սեփական տնտեսությունները: Այդուհանդերձ՝ ընդունում են, որ ՀԷՑ-ում էլ են վթարներ լինում, բայց ընդգծում են՝ բաշխիչ ցանցն ընդունել են 80 տոկոս մաշվածությամբ:
ՀԷՑ-ի կառավարումը 2015-ին ստանձնել է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպը»՝ 25 տարով: Արդեն 2016-ից մինչև այս օգոստոսի 1-ն, ըստ ՀԷՑ ղեկավարների, ներդրումների ծավալը կազմում է 610 մլն դոլար, ընդհանուր՝ 680 մլն դոլար:
«Այն միջոցները, որոնք պետք է ուղղվեին լրացուցիչ ցանցերի արդիականացման համար, ավելի շատ ուղղվել են նոր միացումներին, քանի որ ինչպես նշվեց, ունենք վերին սահմանափակում, որ մեր ներդրումների ծավալները չունենան որևէ էական ազդեցություն սակագների վրա», - ասաց ՀԷՑ ներկայացուցիչը:
«Մեր գնահատմամբ՝ կան շատ ուրճացված ծախսեր ու գնումներ». Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է՝ նաև կրկնվող հոսանքազրկումներն են ստիպել իրենց ուսումնասիրել՝ կա՞ արդյոք ՀԷՑ-ում կոռուպցիա:
«Մեր գնահատմամբ՝ կան շատ ուրճացված ծախսեր ու գնումներ, որոնք կատարվում են ՀԷՑ-ի ղեկավարության կամ սեփականատիրոջ հետ փոխկապակցված կազմակերպություններից: Այդ բարձր գներով ծախսերը ներառվում են սակագնի մեջ: Սրանք այն նախնական տվյալներն են, որոնք մեր ելակետն են ուսումնասիրություններ կատարելու, ավելի մանրամասն ինֆորմացիայի առկայության դեպքում պահանջներ կարող է ներկայացնենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին», - ասաց Իոաննիսյանը:
Ավելի քան 1 մլն բաժանորդ ունեցող ՀԷՑ-ի ղեկավարները հակադարձում են՝ 2014-2015-ին կորուստները նվազել են. տարեկան ավելի քան 30 մլն դոլարի եկամուտ է տնտեսվել, ինչն ըստ նրանց՝ թույլ է տալիս չբարձրացնել սակագինը:
Նախատեսում են ողջ երկրում թարմացնել մալուխներն ու կառուցել-վերակառուցել ենթակայաններ: Վստահեցնում են՝ 98 տոկոս հուսալիություն կապահովվի՝ անջատումները 2 տոկոս էլ չեն կազմի: Իսկ 10 օրից սկսում են կենտրոնի մալուխներն ամբողջությամբ փոխել: