Հետաքննություն. Բուլղարիայում Ռուսաստանի գաղտնի հյուպատոսություն է բացահայտվել

Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության գրասենյակը Վառնայում

Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, հյուպատոսական ծառայություններ է մատուցում Սևծովյան առողջարանային Վառնա քաղաքում՝ չնայած 2022 թվականին Սոֆիան արտաքսել է ռուս դիվանագետներին և մեկ տարի անց փակել հյուպատոսությունը, պարզել է «Ազատություն» ռադիոկայանի բուլղարական ծառայության հետաքննությունը:

Մինչ Բուլղարիայի իշխանությունները նշում են, որ տեղյակ չեն ռուսական կողմի որևէ դիվանագիտական գործունեության մասին, ռուսալեզու խմբերը Facebook-ում և WhatsApp-ում գովազդում են հյուպատոսական ծառայություններ Կրեմլին սատարող Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության տեղական կենտրոնակայանում:

Այդ չաթ-խմբերում որպես հյուպատոսության կոնտակտային անձ գրանցված է Մարինա Նաչևան, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ հյուպատոսական ծառայությունները հասանելի են Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության գրասենյակում՝ Վառնայի Մակեդոնիայի փողոց 33 հասցեում: Շքեղ այս շենքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության նախկին հյուպատոսությունից՝ Մակեդոնիայի փողոց 53, ընդամենը 400 մետր հեռավորության վրա։

2022-ի հունիսին ռուս հանգստացողների շրջանում հայտնի Վառնա քաղաքից Ռուսաստանի նախկին հյուպատոսության աշխատակիցների մեծ մասն արտաքսվեց՝ մայրաքաղաք Սոֆիայում գործող դեսպանատան դիվանագետների հետ միասին։ Այն ժամանակվա վարչապետ Կիրիլ Պետկովի կառավարությունը կարգադրել էր ռուս դիվանագիտական անձնակազմի 70 անդամների լքել երկիրը՝ նրանց մեղադրելով Սոֆիայի շահերի դեմ աշխատելու համար։ 2023-ի հոկտեմբերին Վառնայում Ռուսաստանի հյուպատոսությունը վերջնականապես փակվեց, երբ հաստատության վարձակալության ժամկետը լրացավ։

Արևմտամետ Պետկովն այս որոշումը կայացրել էր Եվրամիության այլ մայրաքաղաքների կողմից ձեռնարկած նմանատիպ քայլերի ֆոնին՝ պատժելու Ռուսաստանին՝ 2022-ի փետրվարին Ուկրաինա ներխուժելու համար:

WhatsApp-ի խմբերից մեկը, որում գովազդվում են Ռուսաստանի հյուպատոսական ծառայություններ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրողը վերջերս այցելել է նոր հասցեում՝ Մակեդոնիա փողոց 33-ում գտնվող առանձնատուն, որը գտնվում է սևծովյան հայտնի առողջարանային քաղաքի ծառաշատ թաղամասում: Դուռը բացած կինն «Ազատության» թղթակցին ասել է՝ «այստեղ հյուպատոսական ծառայություններ չեն մատուցվում»:

Սակայն «Ազատություն» ռադիոկայանի կողմից մշտադիտարկված ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարող անձինք այլ բան են պնդում։ Ֆեյսբուքյան այդ էջերի գրառումները ցույց են տալիս, որ հյուպատոսական ծառայությունները դեռևս հասանելի են Վառնայում, բայց միայն որոշակի օրերի և որոշակի ժամերի:

Հյուպատոսության կոնտակտային անձ

Հենց ֆեյսբուքյան այդ խմբերից մեկում, որը կոչվում է «Ռուսախոսներ Վառնայում», Մարինա Նաչևա անունը հայտնվում է որպես հյուպատոսական ծառայությունների կոնտակտային անձ:

Նաչևայի անունը նշվում է նաև որպես կոնտակտ WhatsApp-ի խմբում, որը կոչվում է «Վառնայում ՌԴ հյուպատոսություն»․ հենց այստեղ է նշված նաև հյուպատոսական հասցեն՝ Մակեդոնիայի փողոց 33:

Երբ «Ազատության» բուլղարական ծառայության թղթակիցը զանգահարել է WhatsApp-ի այս խմբում նշված համարին, մի կին, ով ներկայացել է որպես Նաչևա, հաստատել է, որ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության գրասենյակի հասցեում հյուպատոսական ծառայություններ են մատուցվում: Երբ հարց է հնչել, թե ինչու են հյուպատոսական ծառայությունները փոխանցվել ԲՍԿ-ի գրասենյակին, Նաչևան անմիջապես անջատել է հեռախոսը:

Ձախի լուսանկարը հրապարակել է Մարինա Նաչևան՝ կապված Վառնայում հյուպատոսական ծառայություններին իր ենթադրյալ առնչությունների հետ: Աջի լուսանկարը հրապարակված է Վառնայում սոցիալիստական կուսակցության ֆեյսբուքյան էջում:

Ձախակողմյան ԲՍԿ-ն, որը Բուլղարիան 1946-1990 թվականներին ղեկավարած Բուլղարիայի կոմունիստական կուսակցության իրավահաջորդն է, կրեմլամետ կուսակցություն է: Վերջին նախընտրական քարոզարշավի ժամանակ հարավային Պլովդիվ քաղաքում տեղադրված գովազդային վահանակներում կուսակցությունը պարծենում էր՝ «Ռուսաստանը մեր բարեկամն է»։ ԲՍԿ-ն ներկայումս ունի 20 պատգամավոր երկրի 240-տեղանոց միապալատ խորհրդարանում:

Լրացուցիչ ապացույցներ, որոնք ակներևաբար կապում են Նաչևային ենթադրյալ ընդհատակյա հյուպատոսության հետ, կարելի է գտնել նրա անձնական ֆեյսբուքյան էջում՝ ներառյալ նրա խմբային լուսանկարները, որոնք վերնագրված են՝ «Հյուպատոսական ընդունելություն Վառնայում»:

Նաչևայի մասին քիչ բան է հայտնի։ Համացանցում առկա հղումները ցույց են տալիս, որ նա մասնակցել է Վառնայում Ռուսաստանի հյուպատոսության մի քանի միջոցառումների: Նա նաև նշված է մի քանի կայքերում որպես «Ռուսներ - 21-րդ դար» կոչվող ասոցիացիայի նախագահ, սակայն Բուլղարիայի առևտրային ռեգիստրում նման կազմակերպություն գրանցված չէ:

Վատթարացած հարաբերություններ

Ավանդաբար դաշնակիցներ Ռուսաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները վատթարացել են վերջին տարիներին։ 2023 թվականի սեպտեմբերին Բուլղարիայի կառավարությունը վտարեց Սոֆիայի Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին և երկու բելառուսցի քահանաների՝ նրանց մեղադրելով Մոսկվայի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու մեջ։

Փետրվարին Սոֆիան հինգ տարով արգելեց Ռուսաստանի երկու քաղաքացիների մուտքը Բուլղարիա և Եվրամիություն՝ անվտանգության ծառայությունների գործողությունում նրանց ենթադրյալ դերակատարության համար:

Ի պատասխան՝ Կրեմլը Բուլղարիան ավելացրեց իր «թշնամի երկրների» ցուցակում 2022-ին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից անմիջապես հետո:

Քաղաքական կուսակցության գրասենյակում ընդհատակյա հյուպատոսական գործունեություն ծավալելը բուլղարական օրենսդրությամբ անօրինական է համարվում, քանի որ դիվանագիտական ծառայությունը կառուցված է անկուսակցականության սկզբունքի հիման վրա:

Բուլղարիայի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանի բուլղարական ծառայությանը հայտնել են, որ տեղյակ չեն Վառնայում ռուսական դիվանագիտական գործունեության մասին։

«Ազատությունը» նաև հարցեր է հղել Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանատանը և ԲՍԿ-ին՝ հետաքրքրվելով ենթադրյալ հյուպատոսական գործունեության մասին։ Հրապարակման պահին պատասխաններ չեն ստացվել։

Թոնի Վեսոլովսկին աջակցել է այս հոդվածի պատրաստմանը